Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ երգերը գնացին աշխարհի ծայրը հասան, ես մնացի Արտաշատում». Գուսան Հայկազուն

Մայիս 08,2014 18:02

«Ես Արտաշատում եմ ծնվել և ամեն օր տեսել եմ Մասիսը Արաքսից այն կողմ: Սա իմ մեջ մշտապես վրեժ է ծնել, որ մեր հայրենիքը մեզնից տարել են»,- մշակույթիվաստակավորգործիչ Գուսան Հայկազունի խոսքերն են: Նա վստահ է, որ հենց այդ վրեժն է իր մեջ ծնել այն ռազմահայրենասիրականերգերը, որոնք «գնացին աշխարհի ծայրը հասան, ես մնացի Արտաշատում» – Գ. Հ.:

Գուսան Հայկազունն ասում է, որ բոլոր հայերը գիտեն ու երգում են իր երգերը, բայց շատերը չգիտեն՝ դրանց հեղինակն ով է. «Իսկական հաջողությունը դա է»,- համոզված է նա:

Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր երգերի ստեղծման, դրանց հաջողության, ժողովրդի կողմից սիրված լինելու գաղտնիքների մասին. «Լավ երգն ինքնաբերաբար է ծնվում,- ասաց նա,- այն, որ նստում գրում ես, սարքովի է, իսկ սարքած երգը չի ընդունում ժողովուրդը: Իմ երգերի մեծ մասը հենց պատերազմի ժամանակ է ծնվել: Գիտեք, ժամանակն է երգը թելադրում: Երբ Գետաշենը կռվում էր, Գետաշենի մասին երգ էր պետք, երբ ողջ ազգը վանկարկում էր՝ հայեր միացեք, միասնության երգ էր պետք, երբ պատերազմի դաշտում խուճապ էր, դժվարություններ կային նաև թիկունքում, պետք էր երգել՝ հպարտ գնացեք: Իսկ «Պիտի գնանք վաղ թե ուշ»-ը մեր հավերժական երազանքի երգն է: Բացի այս, երգի հաջողությունը նրանում է, որ ժողովրդի լեզվով խոսես ժողովրդի հետ, ճռճռան բառեր, սարքած մտքեր պետք չեն: Դրա համար են իմ երգերն արագ ընդունվում»:

Ինչ վերաբերում է Արցախյանազատամարտում իր ռազմահայրենասիրական երգերի ունեցած նշանակությանը, Գ. Հայկազունն ասաց. «Ասում են՝ լավ երգը ծանր հրետանու դեր է խաղում պատերազմի դաշտում: Ասում են: Բայց ես ինքս մասնակցել եմ պատերազմին և համոզվել դրանում, ու պատահական չէ, որ կռվից առաջ, կռվից հետո, նույնիսկ հանգստի ժամանակ ոգևորվել են երգով: Երգը գերող հատկություն ունի, կարող է քեզ տրամադրել հաղթանակի»:

Հարցին, թե այսօր, երբ արտագաղթը մեծ թափ է վերցրել, ի՞նչ երգ պիտի ծնվի, որպեսզի մեր ժողովրդին մեր երկրում պահի, Գ. Հայկազունը պատասխանեց. «Ես չեմ կարողանում տխուր, լալկան երգեր գրել: Այսինքն՝ երգ, որը վերաբերում է դժվարություններին, ծանրություններին, որովհետև մի բան եմ հասկանում՝ մեր հազարամյա պատմության մեջ դժվարություններ, ծանր վիճակներ շատ են եղել, բայց դրանք անցողիկ են, կառավարությունները կգան-կգնան, շատ բաներ կփոխվեն: Մենք ծանր 90-ականներ ենք տեսել, բայց այն ժամանակ բոլորի ոգին շատ բարձր էր: Իմ նպատակը ազգային ոգու բարձրացումն է: Եթե ազգային ոգին բարձր լինի, արտագաղթ էլ չի լինի, ժողովուրդը կպայքարի իր իրավունքների համար, երկիրը ծաղկեցնելու մասին կմտածի, ոչ թե կթողնի-կփախչի: Ես միշտ ասում եմ՝ հայրենիքը հյուրանոց չէ, որ եթե լավ չեն սպասարկում, իրերդ հավաքես գնաս ուրիշ հյուրանոց, հայրենիքը քո տունն է, և եթե ճաք է տվել նրա պատը կամ տանիքը, պիտի վերանորոգես, ոչ թե տունդ փոխես: Իսկ դրա համար ոգի է պետք, ազգասիրություն, հայրենասիրություն»:

Գ. Հայկազունը նշեց նաև, որ թեև այսօր մեզանում չկա արցախյան, սարդարապատյան ոգին, բայց հաճախակի լինելով տարբեր դպրոցներում, մանկապարտեզներում՝ ինքը նկատել է, որ որտեղ լավ են դաստիարակում երեխաներին, այնտեղ հրաշալի երեխաներ են մեծանում. «Այսինքն՝ ոգին պետք է դեռ մանկապարտեզից տալ, երեխաները պիտի ճանաչեն մեր հերոսներին, քաղաքներում պիտի հերոսների նկարները փակցվեն, ոչ թե՝ ում պատահի»,- հավելեց Գ. Հայկազունը:

Նրա դիտարկմամբ՝ հրաշալի սերունդ է մեծանում այսօր: Նա դրանում համոզվել է տարբեր դպրոցներ ու բուհեր շրջայցեր կատարելու ընթացքում. «Ես վստահ եմ, որ մեր երկրի վիճակը շատ լավ է լինելու: Եթե ազգի 5-6%-ն էլ ազգային մտածելակերպ ունենա, բավարար է, որ ազգը ծաղկի, իսկ մենք ունենք այդ 5-6%-ը»,- ամփոփեց բանախոսը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031