Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Ուորլիքը գաղտնազերծել է դետալները եւ ամբողջ փաթեթը, թե ինչ է այսօր դրված սեղանին»

Մայիս 08,2014 18:00

«Ուորլիքի ներկայացրած առաջարկը դրական է՝ իր բոլոր բացասական դետալներով»,- մայիսի 8-ին Aravot.am-ի հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ առաջարկած 6 կետերի առնչությամբ այսպես մեկնաբանեց ՀՀ նախկին արտգործնախարար, վերակազմավորված ՀՀՇ-ի հիմնադիր անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքերով՝ այդ 6 կետերը առաջին անգամ չէ, որ հրապարակ հանվեցին. «Այդ կետերի մասին մենք լսել ենք, կարդացել ենք Մուսկոկայի, Լ՛Աքվիլայի հայտարարություններում: Բայց այս անգամ այդ 6 կետերի մեկնաբանությունն է տրվում: Գաղտնազերծվում է բանակցությունների բովանդակությունը»:

Ջեյմս Ուորլիքը ներկայացրել էր, թե դա միայն իրենց կողմի մեկնաբանությունն է եւ համանախագահների անունից չի խոսում: Բայց Ալեքսանդր Արզումանյանը կասկած չունի, որ այդ տեսակետը համաձայնեցված է մյուս համանախագահողների հետ. «Այնպես չի, որ ՌԴ-ն կամ Ֆրանսիան դեմ են որեւէ կետի մեկնաբանությանը: Եթե այդպես լիներ, արդեն իսկ հայտարարություններ կլինեին: Սա ընդհանուր մոտեցումն է»:

Անդրադառնալով բուն հայտարարության բովանդակությանը, պարոն Արզումանյանը նշեց. «Բազմիցս ասվել է, որ կողմերը պետք է խիզախություն ցուցաբերեն եւ իրենց ժողովուրդների հետ խոսեն: Հիմա փորձ է արվում այդ կոմպրոմիսն ուղղակի ներկայացնել ժողովուրդներին: Այնտեղ կան կետեր, որ մեզ համար կարող են անընդունելի լինել,բայց կարեւորը, դրականն այն է, որ մենք հասկանում ենք ինչի մասին են խոսում: Այլեւս մեր դիվանագիտությունից պետք է պահանջատեր լինենք, որպեսզի հասցնենք մեր դժգոհությունները եւ պահանջենք, որ իրականացվեն այն մոտեցումները, որը մեր տեսակետից ավելի հայանպաստ կլինեն: Այդ առումով ինքը բավականին հետաքրքիր դրույթներ էլ է պարունակում իր մեջ: Ադրբեջանը մշտապես խոսում էր, որ կա հստակ հիերարխիա, առաջին կետը զորքերի դուրս բերումն է, իսկ այս հայտարարության մեջ հստակ ասվում է, որ նման հիերարխիա գոյություն չունի, ամբողջ փաթեթը պետք է համաձայնեցվի եւ նոր իրականացվի՝ անկախ հերթականությունից: Դրա համար էլ պատահական չէ, որ առաջին կետով չի խոսվում զորքերի հնարավոր դուրս բերման մասին: Երկրորդը՝ առաջին անգամ հստակ ասվում է, որ երբ խոսում ենք Ադրբեջանի սուվերենության մասին, խոսքը չի գնում Ադրբեջանի հանրապետության ունիտար պետության սուվերենության մասին: Այլ խոսքը գնում է Ադրբեջանի հանրապետության սուվերենության վերականգնումը այն տարածքների նկատմամբ, որոնք գտնվում են ԼՂ վերահսկողության տակ: Դրանք հստակ պատգամներ են հասարակություններին, որ հասկանանք ինչի մասին է խոսքը: Այդ առումով հայտարարությունը դրական է, մենք գիտենք ինչ է դրված սեղանի վրա եւ ինչ ենք քննարկում: Մնացածն արդեն մեր հասարակությունների հարցն է՝ կքննարկեն, դիսկուրս կսկսվի կամ չի սկսվի»:

Մեր հարցին՝ առաջարկվող կետերի մեջ նշված է, որ պետք է լինի Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, բայց այն չի կարող ընդգրկել ողջ Լաչինի շրջանը, սա նոր հստակեցում չէ՞ր՝ պարոն Արզումանյանը պատասխանեց, որ իր համար դա նորություն չէր. «Սա նորություն է թերեւս այն մարդկանց համար, ովքեր խոսում են «ոչ մի թիզ հողի» մասին: Սա հստակ պատգամ է, որ իմացեք, սա է սեղանի վրա՝ անկախ ձեր ցանկություններից»:

Պարոն Արզումանյանն ընդգծեց, որ այդ կետերի ընդունելի կամ անընդունելի լինելու մասին խոսել է դեռեւս 5 տարի առաջ: Այլ հարց է, որ վերջապես տրվեց քննարկման թեմա. «Առաջ քննարկվում էր էմոցիոնալ դաշտի վրա, ցանկությունների մակարդակում: Այսօր դուք ունեք հստակ սեղանի վրա դրված փաստաթուղթ: Ընդունելի է, թե ոչ՝ դա այլ հարց է: Հարցն այն է, որ սա ավելի առարկայական քննարկման հիմք է: Արդեն մեր հասարակությունները պետք է որոշեն՝ որքանով են դրանք ընդունելի: Դետալները ինձ հիմա չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է փաստը, որ դետալները ոչ միայն գաղտնազերծվել են, այլ գաղտնազերծվել է ամբողջ փաթեթը, թե ինչ է այսօր սեղանին դրված: Դա առողջ բանավեճի, քննարկումների շատ լավ հիմք է հանդիսանում: Մնացածն արդեն մեզանից է կախված եւ մեր դիվանագետների հմտություններից: Ես, որպես լիբերալ մարդ, կողմնակից եմ որեւէ գործընթացի թափանցիկությանը: Այս գործընթացը թափանցիկ չէր ընթանում: Կար սեղանին ինչ-որ փաստաթուղթ, որի հիմնական դրույթները, որոնք ուրվագիծն էին այդ առաջարկի, ներկայացված էր: Եվ յուրաքանչյուր կողմ ընտրում էր այդ ուրվագծից իրեն հարմար թեզերը եւ ներկայացնում էր հանրությանը: Այդպես հաջողության հասնել անհնար էր, որովհետեւ ցանկացած նախադասության մեջ կարելի էր ե՛ւ դրական, ե՛ւ բացասական բաներ տեսնել: Այս պահին մեզ փաթեթ է ներկայացվել, ինչը նշանակում է, որ մեր հասարակությունը հնարավորություն ունի ավելի ակտիվ եւ ավելի ռացիոնալ դաշտում ներգրավվել քննարկմանը»:

Պարոն Արզումանյանը խորհուրդ տվեց որոշում կայացնելուց առաջ էմոցիաների չտրվել. «Էմոցիան ամենավերջին բանն է, որ պետք է լինի դիվանագիտության եւ քաղաքականության մեջ: Պետք չի հիմա տրվել էմոցիաների, վերհիշել ցեղասպանությունը եւ այլն: Մեզ ընդամենը հրավեր էր ուղարկել՝ մասնակցելու այդ քննարկմանը: Կընդունենք այդ հրավերը, թե չէ՝ դա մեր հասարակության հասունությունից է կախված, մեր պատրաստակամությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    ցեղասպանությունը վերհիշելն ինչ կապ ունի էմոցիաների հետ: հենց պետք է ետ նայել Մեծ Եղեռնին ու ռացիոնալ ձևով հրաժարվել որևէ քայլից որ կարող է մեր ամբողջ ժողովրդի համար ճակատագրական լինել: Մեր ազգի կյանքի միակ երաշխաորը մեր բանակն է, մեր ինքներս մեզ պաշտպանելու կարողությունը: Հիմա ինչ անենք որ մեր հարևանն ուզում է, որ մենք գոյություն չունենանք: հավերժ կռիվ են ուզում, հավերժ պետք ա կռվենք, մինչեև ընենց ջարդենք որ մտքներով էլ չանցնի ես կողմ նայել: Հո չենք անընդհատ փախնելու:

  2. Hayk says:

    Американская политическая активистка Медея Бенджамин считает, что высокопоставленные политики в США потеряли связь с реальностью, пытаясь навязать свою волю всему миру.

    Оригинал статьи: https://russian.rt.com/article/31120#ixzz31BqKlREE

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031