Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենական Մեծ պատերազմի վետերանները ՀՀ-ում բազում խնդիրներ ունեն

Մայիս 08,2014 17:55

«Հայրենականի Մեծ պատերազմի հերոսները Հայաստանում այնքան էլ լավ չեն գնահատվում, քանի որ նրանց թոշակի հարցը մինչև օրս նորմալ լուծված չէ, նպաստն ընդամենը 20-25.000 դրամ է»,-Aravot.am-ի հարցին` արդյոք Հայրենական Մեծ պատերազմի հերոսներն ըստ արժանվույն գնահատվո՞ւմ են մեզանում, այսպես պատասխանեց ՀԿԿ նախկին գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Նա նշեց, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600.000 հայ մարդ, 30.000-ը չվերադարձան: Այս առիթով պարոն Թովմասյանը փաստեց. «Հայ ժողովուրդը ոչ թե պատերազմին մասնակից, այլ պատերազմի հաղթանակը կրած ժողովուրդ է: Մենք լուրջ ավանդ ունենք Հայրենական Մեծ պատերազմում` 115 հայ մարդ արժանացավ Խորհրդային միության հերոսի կոչման»:

Ռուբեն Թովմասյանը կարծում է, որ Հաղթանակի օրը մենք պետք է լավ նշենք, ինչպես նաև Շուշիի ազատագրման օրը, քանի որ այդ հաղթանակը կրեցին այն մարդկանց թոռները, որոնք մասնակցել էին Հայրենական պատերազմին:

Կրկին անդրադառնալով Հայրենականի` Հայաստանում բնակվող հերոսների խնդիրներին` Ռուբեն Թովմասյանը նշեց. «Արդեն Հայաստանում չի մնացել ոչ մի հերոս, մեկն է մնում հայերից` հերոս Ամատունին, որը Կրասնոդարում է: Օր-օրի վետերանների թիվը պակասում է, ՀՀ-ում մնացել է ընդամենը 1400 վետերան: Վիճակը ծանր է, նրանք բավարարված չեն զգում իրենց Հայաստանում, ուստի երկրի ղեկավարությունը լրջորեն պետք է այս հարցերով զբաղվի»:

Մեր հարցին` ի՞նչ սպասելիքներ ունի ՀՀ կառավարությունից, պարոն Թովմասյանը պատասխանեց. «ՀՀ-ում տիրող համակարգը միշտ եղել է փտած, հակաժողովրդական, և որևէ վարչապետ այս համակարգում որևէ բան անել չի կարող: Դրա համար հարկավոր է փոխել ամբողջ համակարգը: Ծրագրից կերևա, թե ինչպես է մտածում նոր կառավարությունը»: Հարցին` մտահոգիչ չէ՞ այն փաստը, որ կրկին հին կադրերն են կառավարությունում և ո՞ր նշանակումից է գոհ, որից դժգոհ, Ռուբեն Թովմասյանն այսպես արձագանքեց. «Դա նախագահի գործն է, ինքը ծանրութեթև է արել, իմ կարծիքը նշանակություն չունի: Ես գտնում եմ, որ կառավարության ծրագրի առաջին կետը պիտի լինի այն, որ ինչ խլել են ժողովրդից, վերադարձնեն ժողովրդին, և եթե սեփականաշնորհման արդյունքները չվերանայվեն, այս համակարգն ու կառավարությունը ոչնչի հասնել չի կարող: Պրակտիկ գործողություն պիտի դառնա ստվերի, արտագաղթի դեմ պայքարը, դա հնարավոր կլինի տեղական արդյունաբերության զարգացման շնորհիվ: Ով տեղից վեր կացավ, մի բան պոկեց այս երկրից, ժողովրդից: Խորհրդային տարիներին այդ բոլորը պատկանում էր ժողովրդին: Եթե համակարգը չփոխվի, ոչինչ արդյունավետ չի լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031