2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության մայիսի 8-ի նիստում մեղադրական ճառով հանդես եկավ քրեական գործով մեղադրող, Լոռու զինվորական կայազորի դատախազ Արթուր Զաքարյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Սարգսյանը :
Դատախազ Զաքարյանը իր շուրջ մեկժամյա ճառի ավարտին դատարանին միջնորդեց Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով , 104 հոդվածի 2-ին մասի 6-րդ կետով նրան դատապարտել ազատազրկման 14 տարի ժամկետով, 112 հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման 4 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ, պատիժները լրիվ գումարելով՝ Դավիթ Խաչատրյանին դատապարտել ազատազրկման 18 տարի ժամկետով:
Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը ասաց, որ ինքը ցմահ ազատազրկում է պահանջում, որ Դ. Խաչատրյանը դատավարության ընթացքում այդպես էլ իր արարքի համար ներողություն չխնդրեց:
Դավիթ Խաչատրյանը հայտարարեց, որ դատաքննության ընթացքում բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերվել,որ ինքը դիտավորյալ սպանություն չի կատարել, սակայն մեղադրող կողմը դրանք անտեսել է:
Կարդացեք նաև
Ամբաստանյալի ելույթին սուր ռեպլիկներով արձագանքեցին դահլիճում գտնվող Լյուքս Ստեփանյանի հարազատները, դատավորը սանկցիա կիրառելով՝ նրանցից երկուսին դահլիճից դուրս հանեց:
Հաջորդ նիստը, որտեղ ճառով հանդես կգա պաշտպանական կողմը, կկայանա մայիսի 30-ին, ժամը 12-ին:
Դատական նիստից հետո Լյուքս Ստեփանյանի համագյուղացիները եւ հարազատները դատարանի շենքի առաջ պարզել էին ամբաստանյալի համար ցմահ ազատազրկում պահանջող 2 պաստառ:
Դատական նիստի մանրամասները՝ տեսանյութով
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ