Նախօրեին քաղաքի կենտրոնական փողոցներում մայիսի 16-ին Նախախորհրդարանի նախատեսած հանրահավաքի մասին իրազեկող 9 ակտիվիստ է ոստիկանություն տարվել:
Գիշերվա ժամը 3-ի սահմաններում ակտիվիստները, տարբեր խմբերի բաժանված, փողոցի մայթերին թողնում էին` «մայիսի 16» գրությունը: Ոստիկանները նրանց գործողությունները համարել են հասարակական կարգի խախտում ու բերման ենթարկել:
Բերման ենթարկվածներից Անի Հակոբյանի պատմելով, ոստիկանները, իրենց հետեւելով, ջնջում էին իրենց թողած գրությունները ու ձախողում իրենց իրազեկման ակցիան. «Այդ ժամին մարդ շատ չի լինում փողոցում, հարմար էր իրականացնել մեր ակցիան: Մեր գործողություններն օրինական էին, Վարչական օրենսգրքում ամրագրված է, որ հանրային տարածքները ոչ ճիշտ օգտագործելու դեպքում հասնում է վարչական տույժ, բայց գրված չէ, որն է ճիշտ օգտագործելը, որը` սխալ: Ոստիկանները իրավունք չունեին մեզ բերման ենթարկել, որովհետեւ հստակ չէ, կարե՞լի է փողոցում ինչ-որ բան գրել, թե՞ չի կարելի»:
Նա նաեւ ասաց, որ ոստիկանների կողմից ոչ մի օրինական պահանջ չեն լսել. «Բերանները ջուր էին առել, կանգնել էին, միայն ասում էին՝ օրենք եք խախտում, հարցնում էինք` ո՞ր օրենքը, լռում էին»:
Նա նաեւ ասաց, որ Վարչական օրենսգրքի 182 հոդվածով վարչական պատասխանատվության են ենթարկվել: Այս հոդվածով նախատեսվում է 50.000 դրամ տուգանք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ