Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. «ՀՀ ոստիկանությունը պիտի հասկանա, որ վերջիվերջո պատժվելու է» (Տեսանյութ)

Մայիս 08,2014 17:24

«ՀՀ ոստիկանության հայցը իմ դեմ պետք է մերժվի, այն ակնհայտ ապօրինի է և չի արտացոլում իրականությունը»,-իր դեմ հայցի քննությունից հետո դատարանում Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք  այսօր Հայաստանի Վարչական դատարանում (դատավոր Ռ. Խանդանյան) կայացավ ՀՀ ոստիկանության հայցի քննությունը՝ «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:

Կիվիրյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայցով հանդես եկան` պահանջելով, որ 2013-ի սեպտեմբերի 4-ին Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները ճանաչվեն ոչ իրավաչափ: Այս առիթով Արգիշտի Կիվիրյանն ասաց. «Չկա որևէ փաստ, որ ոստիկանությունը գործել է իմ նկատմամբ իրավաչափ, որ իմ նկատմամբ ոստիկանության պահանջները եղել են իրավաչափ, որ ես խախտել եմ օրենքը և չեմ ենթարկվել ոստիկանության որևէ իրավաչափ պահանջի: Ոստիկանության բոլոր գործողություններն ուղղված են եղել իմ դեմ` խախտելով իմ իրավունքները կապված իմ հասարակական-քաղաքական և լրագրողական գործունեության հետ»:

Մեր այն դիտարկմանը, թե դատարանի դահլիճում ոստիկանության ներկայացուցիչները համառորեն պնդում էին հակառակը, որտեղի՞ց նրանց այդ վստահությունը, պարոն Կիվիրյանն այսպես արձագանքեց. «Իրենք այդ նույն համառությունը, բոլոր այն նույն գործերով են համառություն ցուցաբերում, որոնցում պարտվել են: Դա կապված է նրա հետ, որ ոստիկանությունն ուզում է ամեն կերպ կոծկել իր ապօրինությունները: Պարզ է, որ համառորեն փորձում են իրենց կամքը առաջ տանել»:

Մեր դիտարկմանը, թե այն փաստը, որ քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանի՝ ընդդեմ ոստիկանության ապօրինի գործողությունների հայցը վարչական դատարանը բավարարել է, արդյոք դա կարո՞ղ է նախադեպային լինել իր գործի համար, Արգիշտի Կիվիրյանն այսպես պատասխանեց. «Եթե դատարանները գործեն օրենքով, ապա բոլոր գործերը, քաղաքացիական հայցերը բավարարվելու են, իսկ ոստիկանության հայցերը` մերժվելու: Բոլոր ակտիվ քաղաքացիների դեմ ուղղված գործողություններն ի սկզբանե եղել են ապօրինի և նպատակ են հետապնդել սահմանափակել ՀՀ ակտիվ քաղաքացիների շահերը: Այն ակտիվ քաղաքացիները, որ իրենց շահերն են պաշտպանում փողոցում և դատարանում, եթե անգամ ՀՀ դատական ատյաններում չհասնեն հաղթանակի, ապա ՄԻԵԴ-ում հաստատ կհասնեն արդյունքի: Վերջապես ոստիկանությունը պիտի հասկանա, որ իր մեթոդները չեն հասնելու արդյունքի, ինքը վերջիվերջո այս կամ այն ձևով պատժվելու է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031