Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաները կհրաժարվե՞ն թանկարժեք մեքենաներից եւ կերթեւեկե՞ն հեծանիվով (Տեսանյութ)

Մայիս 08,2014 17:18

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանից, որը քարոզում էր զարգացնել հեծանվային մշակույթը Երեւանում, հետաքրքրվեց, թե ինքը եւ քաղաքապետարանի մյուս պաշտոնյաները պատրա՞ստ են հրաժարվել թանկարժեք ծառայողական ավտոմեքենաներից եւ երթեւեկել հեծանիվով:

«Եթե ժամանակ լինի` այո»,-ասաց, պարոն Մերթարջյանը:

Այսօր քաղաքապետարանում Սամվել Մերթարջյանը հայտնեց, որ պետավտոտեսչության հետ համատեղ հեծանիվով երթեւեկել են մայրաքաղաքի փողոցներով եւ սանտիմետր առ սանտիմետր ուսումնասիրել, թե որ երթուղիներն են հարմար հեծանվորդների համար: Առայժմ Երեւանում միայն մեկ երթուղի կա հեծանվորդների համար, որը սկսվում է Մատենադարանից եւ ավարտվում Էրեբունի թանգարանի տարածքում: Այս երթուղին նախատեսված է նաեւ զբոսաշրջիկների համար, քանի որ, ըստ պարոն Մերթարջյանի, այդ ճանապարհին մի շարք մշակութային օջախներ կան:

Մեր հարցին, թե հաշվի առնելով մայրաքաղաքի ռելիեֆը, եւ խորհրդային չափանիշներով կառուցված մայթերն ու փողոցները, արդյոք դժվար չէ՞ հեծանվային երթուղիներ բացել, պարոն Մերթարջյանն ասաց, որ հեծանվորդների երթուղին հիմնականում փողոցով է լինելու` երթեւեկության մեջ, սակայն այն վայրերում, որտեղ մայթերը գոնե մի քիչ լայն են սովորականից հեծանվորդների համար, ճանապարհը կգցվի այդ մայթերով եւս:


Aravot.am-ի այն հարցին էլ, թե կայանատեղիներ կլինե՞ն հեծանիվների համար եւ կարմիր գծերում կայանելու դեպքում հեծանվորդներն է՞լ կտուգանվեն, քաղաքապետի օգնականն ասաց, որ հեծանվորդին չեն կարող տուգանել, քանի որ պետհամարանիշ չունի, իսկ կայանատեղիների հարցը կլուծվի, որովհետեւ հասարակական սպասարկման օբյեկտների սեփականատերերը արդեն իսկ դիմում են քաղաքապետարան` խնդրելով թույլ տալ իրենց օբյեկտներին կից հեծանիվների համար կայանելու վայրեր հիմնել:


Նշենք, որ օրենքով դեռեւս չի կարգավորվում, թե հեծանվորդի` խախտում կատարելու դեպքում ով պետք է պատասխանատվություն կրի: Ճանապարհներին տեղադրված տեսախցիկներն էլ, քանի դեռ հեծանվորդին տուգանելու մեխանիզմները հստակեցված չեն, չեն կարող նրանց վրա «ակտեր» գրել:

Սամվել Մերթարջյանը նաեւ հայտնեց, որ մայիսի 18-ին, Շահումյան հրապարակից կմեկնարկի հեծանվամարաթոն, որի նպատակն է բնակչությանը քարոզել առողջ ապրելակերպ: Ակցիան նպատակ ունի նաեւ զարգացնել հեծանվային մշակույթը Երեւանում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031