«Արորդի նշանակում է արարչի որդի, դա ուղղակի մատնանշում է մեր հայերիս արարչական ծագումը: Պատահական չէ, որ մեզ «Արմեն» են կոչում, որը նշանակում է աստվածամարդ»,- այսօր՝ մայիսի 8-ին ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց քուրմ Գեղամը:
Նրա խոսքերով՝ աստվածամարդը երկրային աստված է եւ իր տեղն ունի աստվածների ընտանիքում, եւ հեռանալով արմատներից, ինչպես եղել է պատմությունում, հայը կարող է կորցնել իր սերը, ուժը, եւ հետեւաբար՝ պետությունը, հողը եւ ժողովուրդ:
Անդրադառնալով այն կարծիքին, թե մայիսին չի կարելի ամուսնանալ՝ քահանան նշեց, որ ինքը կատարել է պսակադրություն եւ որեւէ խնդիր չկա, եւ կոչ արեց երիտասարդներին՝ նման սնահավատություններին չհավատալ եւ ամուսնանալ մայիս ամսին, ունենալ լավ ընտանիք եւ լավ երեխաներ. «Որեւէ արգելք չկա մայիսին ամուսնանալու, դա ժողովրդական սնահավատություն է, եւ Առաքելական եկեղեցին որեւէ դեպքում չի խրախուսում մարդկանց չամուսնանալ, այսինքն՝ խրախուսում է հենց ամուսնությունը, կլինի մայիսին, հունիսին, կլինի ցանկացած ամսվա մեջ, բացի Մեծ պահքի վերջին Ավագ շաբաթից»:
Խոսելով հայ երիտասարդների օտարազգիների հետ ամուսնությունների մասին՝ տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը նշեց, որ ինքը կատարում է միայն քրիստոնյաների պսակադրությունը եւ չի ընդունում այլ կրոնների պատկանող մարդկանց ամուսնությունը: Ի տարբերություն նրա՝ քուրմ Գեղամը կարեւորում է զույգի արիացի լինելը եւ համարում է, որ տարբերություն չկա. հայն ամուսնանում է հայի հետ, եւ խնդիր չկա նաեւ այն ժամանակ, երբ երիտասարդներից մեկը մահմեդական է. «Այսօր բավականին մեծ զանգված Թուրքիայում պահպանվել է միայն այն բանի շնորհիվ, որ կրոնափոխ են եղել եւ մազապուրծ են եղել: Այսօր ֆիզիկապես նրանք կան, եւ նրանց ներկայությունը մեզ հույս է ներշնչում, որ մենք չենք կորցրել ե՛ւ այդ տարածքները, ե՛ւ գենոֆոնդը: Մեզ ցեղասպանեցին, որովհետեւ ցեղապաշտ չէինք, որովհետեւ որեւէ ազգին ցեղասպանել հնարավոր չէ, որովհետեւ ցեղապաշտ ազգը կունենար իր բանակը, իր զորքը, իր պետությունը եւ այսպես հեշտությամբ չէր տրվի այս ոճրագործությանը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ