Լրահոս
Օրվա լրահոսը

Արձակագիր. «Ադրբեջանցի Ֆաթիմա տատիկը իմ մանկության դեկորն է»

Մայիս 08,2014 16:53

Այսօր Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կայացավ Դիանա Համբարձումյանի «Հեռագիր Ֆաթիմային» վերնագրով պատմվածքների ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը: Նկարիչը Սեւադա Գրիգորյանն է:

Գրքի թարգմանիչներն են Գայանե Մարկոսյանը, Հասմիկ Գալստյանը, Սոնա Բաբաջանյանը եւ Արաքսյա Ասլանյանը:

diana2

Դիանա Համբարձումյանը նշեց, որ ուրախ է շնորհանդեսին տեսնել եւ գրողների, եւ դասախոսների, եւ ուսանողների: Ներկայացնելով գիրքը, ասաց, որ Ֆաթիման իրենց բակում ապրող ադրբեջանցի տատիկ էր, որը իր մանկության դեկորն է: Նա անուն առ անուն շնորհակալություն հայտնեց բոլոր թարգմանիչներին ու որոշ դրվագներ պատմեց գրքի ծննդի հետ կապված:

«Գրքի թարգմանիչներից Գայանե Մարկոսյանը շատ տարիներ առաջ ասաց, որ իմ մի պատմվածքը սիրով կթարգմանի, ասաց ու թարգմանեց»,-ժպտալով պատմեց հեղինակը: Պատմվածքներից 9-ի թարգմանիչը Հասմիկ Գալստյանն է: Նա ասաց, որ Դիանա Համբարձումյանի պատմվածքները մենախոսություն են ընթերցողի հետ, մեծ բավականություն է ստացել դրանց վրա աշխատելիս:

Գայանե Մարկոսյանը նշեց, որ իր նախաձեռնությամբ է թարգմանել, ինչը պատահական չէ. «Դիանայի արձակը քեզ հրապուրում է, եւ եթե դու այլ մշակութային կոդերի ես տիրապետում, ուզում ես, որ այլ կոդերում էլ հնչի»:

Նա հյութեղ որակեց Դիանա Համբարձումյանի արձակի լեզուն:

Արձակագիր Մեսրոպ Հարությունյանը Aravot.am-ի հետ խոսելով հեղինակի մասին, ասաց. «Դիանան ժամանակակից հայ գրականության այն ներկայացուցիչներից է, որ ոչ միայն լավ գրում է, այլեւ բավականին հաճախ թարգմանվում է: Շատ հաճելի է, որ իր պատմվածքների ժողովածուն լույս է տեսել ռուսերեն, կարծեմ՝ նաեւ գերմաներեն: Նա ոչ միայն լավ արձակագիր է, այլեւ նաեւ թարգմանչուհի: Եթե մարդը Ֆոլքներ է թարգմանել, դա վկայում է նրա մեծ կարողությունների մասին, ինչ վերաբերում է Դիանայի պատմվածքներին, ապա դրանք պետք է կարդալ, չեմ փորձի վերամբարձ բաներ ասել: Դրանց մեծ մասը կարդացել եմ, իսկ այս պատմվածքը՝ «Հեռագիր Ֆաթիմային», որը ժողովածուի վերնագիրն է, խորհուրդ կտամ շատ շատերին կարդալ: Բոլորն էլ լավն են, բայց սա Դիանայի լավագույն գործերից մեկն է, անմիջապես մարդու սրտին է կպնում, ով երբեւէ կողք կողքի ապրել է ադրբեջանցի հարեւանի հետ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031