«Ինձ համար սա հոմոֆոբիայի հերթական երևույթ է, երբ մտածում են` միայն մեր քարացած արժեքները, մեր հայրիշխանությունը, տղամարդն իր կնոջը խփելու իրավունք ունի, ո՞վ ես դու, որ գաս այստեղ ինչ-որ ուրիշ բան ասես, գնա քո երկիրը: Ցանկացած նոր բանի, փոփոխության նկատմամբ վախը. սա բացարձակ դատապարտելի է ինձ համար»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար, նախկին Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանի վարքը «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լարա Ահարոնյանի նկատմամբ, այսպես արտահայտվեց քաղաքացիական ակտիվիստ Լիլիթ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ 2013-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Ռոբերտ Ահարոնյանը մեկ օր առաջ կնոջը 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանի գործով դատական նիստից հետո Գավառում` դատարանի բակում անհարգալից էր արտահայտվել ակտիվիստների նկատմամբ ու ասել հետևյալը. «Ես զարմանում եմ՝ Քյավառի ժողովուրդը ո՞ւր են, որ թողել են սրանց հրապարակի մեջտեղը կանգնել: Դուք որտեղի՞ց եք, ս․․տիր եղեք ձեր երկիրը: Խի՞ եք եկել Հայաստանը խանգարելու։ Դուք ստեղի ջուրը չեք խմել, չգիտեք ստեղի ավանդույթները: Վայ ես ձեր ազատություն ստեղծողին: Ձեր ցավը տանեմ, գնացեք ձեր սփյուռքը»:
Լիլիթ Գևորգյանը կատարվածին նաև այլ տեսանկյունից է գնահատական տալիս. «Ինձ համար խոսքը նույնիսկ նրա մասին չէ, թե ակտիվիստին կամ ում են նման կերպ վերաբերվում,այլ, թե ինչպես է ինչ-որ պաշտոնյա կամ շարքային քաղաքացի սկսում տարբերություն դնել` Դուք որ երկրից եք եկել, գնացեք այդ երկիր: Ես նորից հանգում եմ այն եզրակացության, որ սփյուռքը զուտ գումար ստանալու, եկամտի աղբյուր է. համահայկական հիմնադրամ, մասնակցեք դրամահավաքին, բայց Հայաստան մի եկեք, ոչ մի արժեք, ավանդույթ Հայաստան մի բերեք, մաքուր հայն այստեղի ջուր խմած հայն է, դուք այստեղ գործ չունեք անելու: Սա ինձ համար բացարձակ անընդունելի է»:
Մեր այն դիտարկմանը, արդյոք այսպիսի դրսևորումները պատվերի տարրեր, կամ քաղաքացիական շարժումները հեղինակազերծելու միտում չե՞ն պարունակում, Լիլիթ Գևորգյանը արձագանքեց. «Գենդեր, հոմոսեքսուալիզմ և այլն. այս թեմաներն ինձ համար տարօրինակ կերպով ամեն պահի ի հայտ են գալիս: DIV ակումբի վառելը այն ժամանակ, երբ Մաշտոցի պուրակից հետո խմորումներ էին գնում քաղաքացիական դաշտում տարօրինակ կերպով հայտնվեց, այդ թեման տիրում է այն դեպքում, երբ քաղաքացիական դաշտն ակտիվանում է: Ուստի չեմ բացառում: Թեման ինչ-որ մեկի կողմից որպես պատվեր անշուշտ օգտագործվում է:
Շարժումները հեղինակազրկելու փորձը ակնհայտ է, բայց չեմ կարծում, որ դա կաշխատի: Ինձ թվում է սթափ մտածող մարդիկ ավելի շատ են, քան Ռոբերտ Ահարոնյանի նման մտածողները»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տարիներ առաջ Իտալիայից Հայաստան էր ժամանել մասնագետների մի մեծ խումբ—ուսումնասիրելու հայ ընտանիքը, որպես, իրենց խոսքով, ամենաօրինակելին: Նրանք ասում էին, թե շատ ազգերի ընտանիքներն ուսումնասիրելուց հետո, եկել են այն համոզման, որ իրենց համար ամենալավը հայկականն է և ուզում են սովորել հայերից: Ես միայն փաստն եմ արձանագրում: Հետևություններն արեք ինքներդ:
Ոչ միայն իտալացիները… Միակ հետևությունն ինձ համար այն է, որ ,տեսնելով ոչ մի տեսակի պատերազմով, ցեղասպանությամբ հնարավոր չեղավ վերացնել մեր ազգին, հիմա արդեն փորձում են Հայ ընտանիքի մոդելը քանդելու ճանապարհով հասնեն իրենց վերջնական նպատակին, քանի որ ամուր, առողջ ընտանիքներն են եղել մեր հարատևության երաշխիքը…Այնպես որ մեր ապագան միայն մեր ձեռքում է: