Առաջիկա չորս տարիների ընթացքում կվերանայվեն 1-12-րդ դասարանների դպրոցական ծրագրերը, ուսումնական պլանները, դասագրքերը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Ամբողջովին պիտի վերանայվի, որովհետև այս քսան տարիների ընթացքում, ժառանգելով Խորհրդային Հայաստանի դպրոցի դրվածքն ու բովանդակությունը, ընդհանուր հատակագծային փոփոխություններ չեն կատարվել: Բայց տարբեր տարիների որոշակի փոփոխություններ կատարվել են, որոնք վերլուծելու կարիք կա այսօր, որպեսզի հասկանանք, թե որքանով է մեր կրթության բովանդակությունը համահունչ եվրոպական չափանիշներին, մեր երկրի տնտեսական և հասարակական զարգացումներին»,- մանրամասնեց նախարարը:
Անդրադառնալով դպրոցական դասագրքերին՝ պարոն Աշոտյանն ասաց, որ դրանց նյութը շատ խիտ է ու բարդ, որը հնարավոր չէ ամբողջությամբ յուրացնել, որովհետև դասաժամերը քիչ են, իսկ նյութը՝ շատ, և գիտելիքի փոխանցման գործընթացը միշտ չէ, որ հաջող է ընթանում: «Հայկական դպրոցների այսօրվա ծրագիրն ամենահագեցած ծրագրերից մեկն է,- ասում է Ա. Աշոտյանը,- բայց երբ նայում ես արդյունքները, արդեն երևում են այդ խտության բացասական կողմերը, որովհետև այդքան հագեցած նյութը հնարավոր չէ միշտ լավ որակով և ամբողջ ծավալով փոխանցել երեխաներին, ինչն էլ մի շարք դժգոհություններ է առաջ բերում: Սա է պատճառներից մեկը, որ ուզում ենք ամբողջությամբ վերանայել մեր կրթական ծրագրերը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ընդունելության քննություններին, ԿԳ նախարարն ասաց, որ դրանց ներկայիս ձևն իրեն լիովին արդարացնում է. «Շտեմարանների մուտքը ընդունելության քննությունների համակարգ բերեց նրան, որ կտրուկ նվազեցին դժգոհությունները քննություններից,- ասում է Ա. Աշոտյանը,- Քննություններն ու դրանց օրերը դարձան ավելի կանխատեսելի, ծնողներն ու երեխաները լրացուցիչ սթրեսներ չեն ապրում, անորակ հարցեր գրեթե չեն լինում, որովհետև կրկնակի ստուգում են անցնում, և շատ ավելի հանգիստ է ընթանում ամեն ինչ, որովհետև կանխատեսելի են քննությունն ու նրա բովանդակությունը: Այսինքն՝ քննաթերթիկներում եղած առաջադրանքները բացառապես շտեմարանից են: Միայն թե պետք է ամեն տարի ավելացնենք թեստերի թիվը, որպեսզի անգիր անելու հմտություն ունեցող աշակերտները չգայթակղվեն առանց առարկան խորը ըմբռնելու, ճիշտ պատասխանները սովորելով քննություն հանձնելու այդ հնարավորությամբ»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ