Եվրասիական միությունը՝ Աշոտ Մանուչարյանի պատկերացմամբ՝ աշխարհում ձեւավորվող աշխարհաքաղաքական կենտրոններից է, որը սրընթաց հզորություն է հավաքում, եւ մենք պետք է այնտեղ հավուր պատշաճի ներկայանանք: Նա չի ընդունում «այն խայտառակ ձեւը», ինչպես ներկայացավ ՀՀ իշխանությունը, որին սկզբում զոռով խցկում էին մի միություն, հետո՝ մեկ այլ, եւ այդ խայտառակության պատճառով էլ մեր իշխանություններին համապատասխանաբար էին վերաբերվում՝ «ի՞նչ անեն, էդ է, դրա հետ գործ ունեն»:
Բա այդ դեպքում ո՞վ պետք է ներկայացնի մեր ժողովրդին այդ միությունում: Այս հարցին, Աշոտ Մանուչարյանը պատասխանում է՝ «կան բազմաթիվ ժողովրդական նախաձեռնություններ, քաղաքական շրջանակներ, պետք է լծակներ գտնել եւ ուղղություններ, եւ ասել մերը, դնել մեր նախապայմանները»:
Ինքը՝ Աշոտ Մանուչարյանը առաջարկում է որպես նախապայման Եվրասիական միությանը առաջարկել ստեղծել այդ տարածքի համար ժողովրդական դատարան, որի որոշմամբ բոլոր թալանչիների հարստությունները մոլորակով մեկ փնտրեն եւ վերադարձվեն ժողովրդին, անկախ նրանից, թե ովքեր են այդ թալանչիները՝ նախագահներ, նախարարներ, թե ով: Եվ այդ ճանապարհով սկսվի մոլորակի վրա թալանի վերացման գործընթացը, ու դա սկսվի հենց Եվրասիական միությունում. «Դա պետք է լինի մեր նախապայմանը: Եթե մեզ հրավիրում են այդ միությունը, մենք մեր նախապայմանը պետք է թելադրենք, եւ դա ժողովրդական դատարանի ստեղծումը պետք է լինի: Եվ ի՜նչ Հաագա, ինչ բան, այդ դատարանի որոշմամբ պետք է թալանչիների հարստությունները վերադարձվեն»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ