Քաղաքական գործիչ, Հայաստանի անկախության սկզբնական շրջանում կարեւորագույն պետական պաշտոններ զբաղեցրած Աշոտ Մանուչարյանի համար անտանելի է այն «ստոր, ապուշ» կեցվածքը, որը 15-20 տարի առաջ մտցվեց մեր հասարակության մեջ՝ «ցուցադրական սպառումը, շքեղությունը»: «Ի՞նչ է նշանակում, որ ես պալատներ ստեղծեմ, հարյուր հազարանոց դոլարներ արժողությամբ մեքենաներ քշեմ մի սոված երկրում, երբ իմ հարեւանի երեխան բուժվելու փող չունի, տաղանդավոր երեխա է, բայց սովորելու փող չունի, եւ ես ինձ այդպիսի ցուցադրական շռայլություններ թույլ տամ: Այդ ստոր, ապուշ կեցվածքը այն ժամանակ մտցվեց իշխանությունների կողմից: Այդ շիզոֆրենիկները այդպես էին ապրում, եւ դա դարձավ նորմ: Որ օրը, որ կառավարությունը կհրաժարվի այդ շիզոֆրենիայից, եւ մարդիկ իրենց հարստությունը կվերածեն գործարանի, լաբորատորիայի եւ ոչ թե մեքենաների եւ կնոջ համար զգեստի, նոր կմտածեմ, թե ինչ-որ բան է փոխվել»,- այսպես պատասխանեց Աշոտ Մանուչարյանն այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հարցին, թե որեւէ փոփոխություն զգո՞ւմ է նոր կառավարության աշխատաոճում:
Նա գտնում է, որ փոփոխություն կլինի այն ժամանակ, երբ հայտարարեն, որ այսուհետ հրաժարվում են բոլոր շորթումներից, իսկ շորթածները վերադարձնենք բյուջե, երբ վերանա շքեղությունը: «Պիտի հայտնվեն մարդիկ, որոնք կհիշեն, որ տարբերվում են կովից եւ գայլից, եւ հանդես գան որպես մարդ», -ասաց նա եւ նկատեց, որ իր համար տարօրինակ է, որ մինչեւ հիմա կովի թեկնածություն չի դրվել՝ որպես մեր երկրի նախագահ. «Կաթ է տալիս, քիչ է ուտում, մի քիչ ուտում է, ապա դադարում է, անկուշտ չի: Քաղաքական շրջանակներում լավագույնն ինձ համար կովն է, որպես նախագահ՝ լավագույն թեկնածուն ինձ համար կովն է»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ