Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ խոսելով Շուշիի ազատագրման մասին՝ չի կարող չանդրադառնալ նաեւ Քեսաբում կատարվող իրադարձություններին եւ այսպես կոչված՝ «Զորի Բալայանական շարժմանը»: «Այս երկու հարցերը չափազանց կարեւորում եմ եւ եթե առաջիկայում սրանց դեմը չառնել, ապա կորցնելու ենք ամեն ինչ»:
Պրն Սեֆիլյանը մտավախություն հայտնեց, որ եթե 90-ական թվականների սկզբներին Հայաստանը փաստացի անկախ պետություն էր, ապա վերջին 10-15 տարիների ընթացքում Հայաստանն իր ռեսուրսները կորցրել է. «Մեր կառավարիչի՝ Սերժ Սարգսյանի շնորհիվ կորցրել ենք մեր անկախությունը: Եթե 22 տարի առաջ խնդիր ունեինք Շուշին ազատագրելու, ապա հիմա խնդիր ունենք Հայաստանն ազատագրելու»:
Անդրադառնալով Քեսաբում կատարվող իրադարձություններին, կարծիք հայտնեց, որ Քեսաբը ազգային արժանապատվության խնդիր է: «Եթե զուգահեռներ տանենք եւ պարզենք, թե ինչպիսի իրավիճակ էր տիրում 22 տարի առաջվա եւ ներկայիս քաղաքական-հասարակական ղեկավարության միջեւ, ապա կարող ենք ասել, որ Շուշիի ազատագրման դեպքում քաղաքական-հասարակական վերնախավում գոնե ազգային արժանապատվություն կար, մինչդեռ այսօր Քեսաբի դեպքում ՝ թե սփյուռքի, թե հայրենիքի դեպքում, այն կորցրել ենք: Քաղաքական ուժերը ինքնըստինքյան պարտված են համարվում, եթե չունեն արժանապատվություն»,- նման կարծիք հայտնեց պրն Սեֆիլյանը:
Պրն Սեֆիլյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ հիմարություն էր համարել մի քանի կամավորների Լաթաքիա մեկնելու փորձը, ասաց, որ բացարձակապես չի զարմացել նախագահի այդ հայտարարությունից. «Նրա գործունեությանը ծանոթ լինելով, բացարձակապես չեմ զարմանում նրա կատարած այդ հայտարարության վրա: Պետք չէ զարմանալ եւ ողբերգության վերածել, որ մեր երկրի կարեւորագույն աթոռը զբաղեցրած անձնավորությունը այդ կարծիքին է»:
Կարդացեք նաև
Պրն Սեֆիլյանի խոսքերով՝ անցյալ տարիների ընթացքում շատ էր խոսվում լյուստրացիա անցկացնելու գաղափարի մասին: «Շատ է կրկնվել այն միտքը, որ մեր հանրապետությունը փաստացի չի լինի անկախ, եթե չլինի լյուստրացիա: Այս ցուցակում ոչ ոքի չի զիջում պարոն Բալայանը: Այս հանգամանքի վրա ցանկանում եմ ուղղել մեր երիտասարդության ուշադրությունը՝ ասելով, որ շարժման նպատակը մեր նոր իշխանության խլումն է»:
Ժիրայր Սեֆիլյանը տեղեկացրեց, որ Նախախորհրդարանը հավաք կանցկացնի Ազատության հրապարակում մայիսի 16-ին. «Ուզում ենք տեղեկացնել, որ սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն ազգային արժանապատվությանը տեր կանգնել, այլ մեզ կհաջողվի ազատագրել Հայաստանը»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ