Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն, ունենալով դրական օրենսդրական դաշտ, կիրառման առումով խնդիրներ ունի. Բորիս Նավասարդյան

Մայիս 08,2014 14:19

«Այս նոր գիրքը մեր գործունեության երկրորդ քիչ թե շատ մեծ նյութական արդյունքն է»,-այսօր՝ մայիսի 8-ին՝ Արեւելյան գործընկերության ԶԼՄ-ների ազատության մշտադիտարկման ծրագրի «Խոսքի Ազատությունը Արեւելյան գործընկերության երկրներում-2013» գրքի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Ծրագրի շրջանակներում՝ խոսքի ազատությունն ուսումնասիրվում է Արեւելյան գործընկերության 6 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Ադրբեջանում եւ Ուկրաինայում, որն ամեն մի երկրում իրականացնում է տեղի գործընկեր կազմակերպությունը:

Boris-Navasardyan-2

Պարոն Նավասարդյանը նշեց, որ իրենք լրատվամիջոցների ազատության աստիճանը չափելու հատուկ մեթոդաբանություն են ձեւավորել, եւ ըստ այդ մեթոդաբանության էլ կատարել են հետազոտությունը: Մշակվել է նաեւ խոսքի ազատության յոթ կատեգորիա եւ Հայաստանը գտնվում է չորրորդում, այսինքն՝ մեջտեղում.
«6 երկրների մեջ Հայաստանը գտնվում է երրորդ տեղում՝ զիջելով Վրաստանին եւ Մոլդովային եւ կարելի է ասել, այս ամիսների ընթացքում առաջին երկու տեղերն են անընդհատ փոփոխվում՝ կա՛մ Մոլդովան է առաջ անցնում, կա՛մ Վրաստանը: Հայաստանի երկրորդ տեղը կայուն է, ինչպես եւ Ուկրաինայի 4-րդ տեղը, Ադրբեջանի 5-րդը եւ Բելառուսի 6-րդը»:

Ըստ հետազոտության՝ քաղաքականության ոլորտում, որն իր մեջ ներառում է պետության գործունեություն լրատվամիջոցների ոլորտում եւ նրա օրենսդրությունը, այստեղ առաջատարը Վրաստանն է, որին հաջորդում է Հայաստանը, այնուհետեւ՝ Մոլդովան, ապա Ուկրաինան, Ադրբեջանը եւ Բելառուսը: Վրաստանի առաջատար լինելը պարոն Նավասարդյանը պայմանավորում է նրանով, որ Վրաստանում օրեցօր ավելի է կատարելագործվում օրենսդրությունը:

Հետազոտության հաջորդ ոլորտում, որն է քաղաքականության եւ օրենսդրության կիրառումը, Հայաստանը զիջում է Մոլդովային իր երկրորդ տեղը. «Դա պայմանավորված է նրանով, որ բավականին դրական օրենսդրական դաշտ ունենալով, կիրառման առումով մենք ունենք որոշ խնդիրներ»:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական, տնտեսական մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցն իր խոսքում նշեց, որ Եվրամիությունը խրախուսում է եւ հարգում է մեդիայի եւ մամուլի ազատությունը: Եվ ԵՄ-ի գլխավոր հանձնարարականներից մեկն է հեռարձակվող լրատվամիջոցներում բազմակարծությունն ապահովելը.
«Գիրքը, ինչպես նաեւ կայքը՝ mediafreedomwatch.org, տեղեկատվության փոխանակման արժեքավոր գործիք է: Այն նաեւ միացնում է քաղաքացիական հասարակությունը, լրագրողներին, պետական պաշտոնյաներին, ԵՄ պաշտոնյաներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031