Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. Շարմազանովի հայտարարությունն իրողությունների արձանագրում է, ոչինչ ավելի. «Հայոց աշխարհ»

Մայիս 08,2014 13:01

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ բյուջետային, ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցի:

Գագիկ Ծառուկյանը կտրուկ արձագանքեց Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե առաջիկա 10 տարիներին ՀՀԿ-ն պահպանելու է իր դոմինանտ դերը քաղաքական դաշտում, եւ նախագահ կամ վարչապետ դառնալու բոլոր ճանապարհներն անցնում են ՀՀԿ կենտրոնական գրասենյակով։ ԲՀԿ առաջնորդը համոզմունք հայտնեց, որ 2017-18թթ. ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյանը, ինչին հակադարձեց վարչապետը՝ ասելով, որ Շարմազանովի ասածն ուղղված չէր որեւէ կուսակցության դեմ։ Կարելի՞ է արձանագրել, որ ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտությունը» թեւակոխում է նոր փուլ։

-Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է եւ կարող է արտահայտել իր տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալ։ Իմ վերաբերմունքը պարոն Ծառուկյանի արտահայտած տեսակետների նկատմամբ հենց այդ շրջանակներում է։

Որեւէ արտառոց բան այստեղ չեմ տեսնում, հատկապես նկատի ունենալով ԲՀԿ-ի «այլընտրանքային» կարգավիճակը՝ ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն, ինչի մասին պարոն Ծառուկյանի կողմից հայտարարվել է կուսակցական անդրադարձի մակարդակով, եւ ոչ մեկ անգամ։ Կարծում եմ, «Բարգավաճ Հայաստանը» հետեւողական է իր այդ դիրքորոշման մեջ, եւ այդ հայտարարությունը պետք է դիտել հենց այդ համատեքստում։
Ինչ վերաբերում է պարոն Շարմազանովին, նա ընդամենը փաստել է իրողությունները, որ կան այսօր։ Խոսքը վերաբերում է ե՛ւ մեր իրականացրած ծրագրերին, ե՛ւ առաջիկա ծրագրերին, որ պատրաստվում ենք իրականացնել, ե՛ւ այն արդյունքներին, որ պարբերաբար արձանագրում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Եթե նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները 5 տարին մեկ են տեղի ունենում, ապա ՏԻՄ ընտրությունները՝ տարին մի քանի անգամ։ ՏԻՄ ընտրություններում մեր ստացած ձայները յուրատեսակ ցուցիչ են՝ բարոմետր, որը ցույց է տալիս հասարակության վերաբերմունքը, վստահության աստիճանը մեր իրականացրած քաղաքականության նկատմամբ։ Այսինքն՝ Շարմազանովի հայտարարությունն իրողությունների արձանագրում է, ոչինչ ավելի։

ՀՀԿ-ն ուշադրությամբ հետեւում է այդ բարոմետրի «ցուցմունքներին» եւ ըստ այդմ ճշգրտում իր քայլերը։ Իսկ դրանք միանշանակ վկայում են, որ հասարակությունն ինչպես աջակցել է, այնպես էլ շարունակում է աջակցել մեզ եւ մեր իրականացրած ծրագրերին։ Ավելին՝ թույլ են տալիս մտածել, որ Հայաստանում չկա ֆունդամենտալ ծրագրեր իրականացնող որեւէ քաղաքական ուժ, որ գործնականում համեմատելի է Հանրապետականի հետ։

Մյուս կողմից, մենք մշտապես ականջալուր ենք հանրային տրամադրություններին, հաշվի ենք առնում հասարակության մտահոգությունները եւ պատրաստ ենք փոփոխությունների՝ ունենք այդ քաղաքական կամքը եւ չենք «հանգստանում մեր դափնիների վրա», այլ ինքներս ենք քննադատում մեր թերությունները եւ բացթողումները. մեր ձեռքը ժողովրդի «զարկերակի» վրա է, եւ հենց սա է, որ հիմք է տալիս այդպիսի հայտարարություններ անել ապագայի հետ կապված։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031