Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական խոստում. Նոր կառավարության ծրագիրն իրատեսական է լինելու

Մայիս 08,2014 12:49

Այսօր տեղի է ունեցել ՀՀ նորակազմ կառավարության առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. ««Կառավարությունն ամբողջովին ձևավորվել է, և ես շնորհավորում եմ բոլորիս: Մենք  աշխատում ենք  ծրագրի վրա, պետք է քսան օրվա ընթացքում այններկայացնենք Ազգային Ժողով: Ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական,   փոփոխությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Ես տեղյակ եմ քննարկումների արդյունքներից, որոնք պարոն Գևորգյանը պարբերաբար զեկուցում է:

Ես համոզված եմ, որ ԱԺ ներկայացվող ծրագիրն իրոք իրատեսական է լինելու և կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ներկայացված ծրագրի կատարման համար: Մեր ճանապարհները կբաժանվեն կառավարության այն անդամից, ով չի կատարի ներկայացված ծրագիրն ու արդյունավետ չի աշխատի,անկախ նրանից, թե մենք ինչքան ժամանակ ենք միասին աշխատել»:

Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ.  մայիսի 12-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ և քննարկել մոտ երեք տասնյակ հարց: Օրակարգի առաջին կետով շարունակվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ նախագահի ս.թ. ապրիլի 30-ի հրամանագրով ՀՀ ԿԱ  ՊԵԿ-ը վերակազմակերպվել է  և միացվել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Կառավարությունն իր նիստում միաձուլման ձևով վերակազմակերպել է նախարարության և ՊԵԿ-ի աշխատակազմերը, հաստատել վերակազմակերպված պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը:

Աշխատանքային կենսաթոշակը պետք է վերահաշվարկվի նոր բանաձևով

ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են 2014թ.  ուժի մեջ մտած և պետական կենսաթոշակին վերաբերող երեք օրենքներով: Դրանց համաձայն վերանայվել է աշխատանքային կենսաթոշակ նշանակելու բանաձևը, վերացել է սոցիալական կենսաթոշակը, որը վճարվում է որպես նպաստ, սահմանվել է, որ հատուկ քննչական ծառայողին կենսաթոշակ նշանակելու, վճարելու, ստաժը հաշվարկելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է կառավարությունը, լուծվել են իրավակիրառական պրակտիկայում առաջացած այլ խնդիրներ:

Հաջորդ որոշմամբ գործադիրը սահմանել է այն ժամանակահատվածը, որի համար փոխնակ մորից ծնված երեխայի կենսաբանական մորը և փոխնակ մորը տրվում է անաշխատունակության թերթիկ: Կենսաբանական մորը թերթիկը տրվում է միայն հետծննդյան արձակուրդի, փոխնակ մորը՝ նախածննդյան և հետծննդյան ժամանակաշրջանի համար:

Միջազգային համագործակցություն

             ՀՀ կառավարությունը  հաստատել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի միջև կնքված ենթահամաձայնագրերով հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը: 2014թ. այդ հաշվին է փոխանցվում ավելի քան 41 մլն դրամ, որով ապահովվելու են աշխատանքի վարձատրությունը, շենքերի և շինությունների հիմնանորոգումը, մասնագիտական ծառայությունների մատուցումը և այլն: Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել երկրում ապաստան հայցողների և փախստականների իրավական, սոցիալական պաշտպանվածությունը:

Գործադիրն իր որոշմամբ ՀՀ պետբյուջե է ներառել «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարական, ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների և հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական ու սոցիալական դրամաշնորհային ծրագրերը, որոնց վերաբերյալ համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև:

Միջազգային կազմակերպությունների հրապարակված տեղեկատվության համաձայն մեր երկիրը համաշխարհային ցանցային պատրաստվածության համակարգում 17 տեղով բարելավել է իր դիրքը և 148 երկրների շարքում զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը: Առավել մեծ արդյունքի հասնելու նպատակով կառավարությունը հավանություն է տվել ցանցային պատրաստվածության բնագավառում ՀՀ դիրքը բարելավելու միջոցառումների ցանկին:

Կառավարության որոշմամբ արդյունաբերական սուբսիդիաների մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի  նախարարությունը:

Նիստում համաձայնություն է տրվել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի տեղագրաերկրաբաշխական և նավիգացիոն ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Օրենսդրորեն կարգավորվելու են գյուղատնտեսության ոլորտի իրավահարաբերությունները

             Կառավարության հավանությունն ստացած հինգ օրինագծերը համապատասխանեցվել են Մաքսային միության նույն ոլորտին առնչվող օրենսդրությանը:

Գործադիրը նախ հավանություն է տվել «Բուսասանիտարիայի մասին» օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի և ՀՀ տարածքում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց հարաբերությունները բուսասանիտարիայի ոլորտում, ամրագրում պարտադիր բուսասանիտարական պահանջները:

Նիստում հավանություն է ստացել «Անասնաբուժության մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվելու են երկրում անասնաբուժության ոլորտի իրականացմանը, կառավարմանն առնչվող հարաբերությունները:

Գործադիրը հավանության է արժանացրել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագիծը, մեկ այլ հարակից օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը:

Նիստում հավանություն է տրվել «Կերի մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքների նախագծերին:

ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է չվճարված կենսաթոշակի գումարը վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար, առանց ժամկետի սահմանափակման, վճարել նաև Հայաստանում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել խնդրի վերաբերյալ, քանի որ կենսաթոշակների վճարման ծախսը էապես կավելանա և առաջիկա 2-3 տարում կհասնի շուրջ 25 մլրդ դրամի. նշված ֆինանսական միջոցները նախատեսված չեն 2014թ. պետբյուջեով և ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով:

Գործադիրը դեմ է արտահայտվել  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա առաջարկում է «էականորեն կրճատել երթևեկության կանոնների մի շարք  նվազ վտանգավոր խախտումների համար նախատեսված տուգանքի չափերը», ինչը, ըստ կառավարության եզրակացության, պատշաճ հիմնավորված չէ և կարող է բացասական ազդեցություն ունենալ ճանապարհային պատահարների նախականխման տեսանկյունից:

Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Այլ հարցեր

Ի կատարումն ՀՀ նախագահի 2014թ. ապրիլի 29-ի 2014թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագրի՝ ՀՀ կառավարությունը որոշել է 2014թ. ամառային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, զորակոչի անցկացման աշխատանքի համակարգման նպատակով՝ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը:

Գործադիրը հաստատել է 2014թ. ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հինգ հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները: Ամեն տարի ռոտացիոն կարգով այլ ՀԿ-ների նույնպես հնարավորություն կտրվի ընդգրկվելու հանձնաժողովի կազմ:

Կառավարությունն ընդունել է ՀՀ 56 համայնքների ղեկավարների և ավագանու անդամների 2014թ. հունիսի 8-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում:

Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2015թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանին:

Կառավարության որոշմամբ Կովալենկո Շահգալդյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից:

Հաջորդ որոշումներով գործադիրը Կոտայքի մարզպետ է նշանակել Արամ Հարությունյանին, Արարատի մարզպետ՝ Ռուբիկ Աբրահամյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031