Ուշագրավ է այն, որ Ջեյմս Ուորլիքն իր ընդարձակ ելույթի հենց սկզբում շրջանցում է ոչ միայն պատմական իրողությունները, այլեւ անգամ հակամարտության պատմությունն արծարծելու հնարավորությունը եւ նշում. «Մեր նպատակը պետք է լինի առաջընթացի պրագմատիկ ճանապարհ գտնելը, որը տեւական լուծում կապահովի»:
Սակայն ինչպե՞ս է հնարավոր «տեւական լուծում» ապահովել, եթե շարունակ շրջանցես հիմնախնդրի ծագման պատճառները, որոնք դրված են նաեւ պատմության խորքում, եթե շրջանցես բուն հակամարտության ու զինված ագրեսիայի հիմնական փաստերը:
Էական են ներկա պահին, ի դեպ, հրադադարի հաստատման 20-ամյակի գրեթե նախօրեին համանախագահ գերտերություններից մեկի ներկայացուցչի գնահատականները. «Խաղաղությունը հասանելի է: Կողմերը հասել են մի այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բեւեռացված չեն: Մի շարք առիթներով նրանք գրեթե եկել են համաձայնության, վերջին նման դրվագն արձանագրվել է 2011թ.: Եվ ամեն անգամ ձախողված հերթական փուլից հետո, երբ անխուսափելիորեն կրկին նստել են բանակցային սեղանի շուրջ, հաջորդ «մեծ գաղափարի» կառուցվածքային տարրերը նման են եղել նախորդին։
Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է եւ ուրվագծում է համաձայնությունը»:
Հետաքրքիր է, սակայն, որ կողմերի հասանելի խաղաղության եւ շատ չբեւեռացված դիրքորոշումների մասին խոսքը համեմված է այն փաստի հիշատակությամբ, որ համաձայնության վերջին դրվագն արձանագրվել է ամբողջ 3 տարի առաջ: Ի դեպ, տեսնես պարոն Ուորլիքին իր օգնականները հայտնե՞լ են, թե կողմերից հատկապես որ մեկն էր, որ Կազանում վերջին պահին մեկ էլ որոշեց, որ նոր առաջարկություններ պետք է անի: Անկասկած հայտնած կլինեն:
Կարդացեք նաև
Իսկ ելույթի ավարտական հատվածում Ջ.Ուորլիքը մասնավորապես նկատել է.
«Իհարկե, առաջին քայլը ձեռնարկելը Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների խնդիրն է: Նրանք պետք է դիտարկեն այն միջոցները, նույնիսկ միակողմանի միջոցները, որոնք ի ցույց կդնեն առաջընթացի իրենց մղումը, լարվածությունը թուլացնելու ու բանակցային մթնոլորտը բարելավելու հանձնառությունները: Նրանք պետք է կրճատեն թշնամական հռետորաբանությունը եւ բնակչությանը նախապատրաստեն խաղաղության եւ ոչ պատերազմի:
Տեւական կարգավորման հարցում անբաժանելի ու ոչ պակաս կարեւոր են ադրբեջանցիների ու հայերի միջեւ կապեր, շփումներ ապահովող ժողովրդական դիվանագիտության ջանքերը: Այս կարգի ծրագրերը կարող են օգնել երկու երկրների քաղաքացիներին պատրաստվել խաղաղությանը եւ հաշտվել անցյալի ցավերի հետ: Ակնկալում ենք, որ կողմերը կօժանդակեն այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք պատրաստ են աշխատել ժողովրդական դիվանագիտության ու մարդկանց շփումներին ուղղված ծրագրերում»:
Դե ինչ, էլի «ծրագրեր», եւ էլի՝ «կողմեր»՝ լղոզված, անհասցե, անվերաբերմունք, անորոշ: Էլ չենք խոսում «միակողմանի միջոցների» մասին, որի վերաբերյալ ամերիկացի համանախագահի դիտարկումն ուղղակի ուտոպիստական է, եթե ավելի խիստ չասվի:
Միակողմանի խաղաղություն չի լինում: Տվյալ դեպքում առնվազն անլուրջ է խոսել տեւական լուծման, հանդուրժողականության եւ նման այլեւայլ բաներից՝ աչք փակելով ու չտեսնելու տալով, որ հենց Ադրբեջանում իրականացվում է ռասիստական քաղաքականություն, որով ներծծված է այդ երկրի ամեն ինչը՝ մանկապարտեզից սկսած, բուհով վերջացրած, զանգվածային «մշակույթն» էլ՝ փեշքեշ:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում