«Այս պահի դրությամբ տեղի ունեցած քննարկումներից հետևություն անել, թե ի՞նչ տեսք կունենա սահմանադրական բարեփոխումների վերջնական հայեցակարգը, կներառվի՞ երկրի կառավարման ձևի փոփոխման կետը, թե՞ ոչ՝ դժվար է ասել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը:
Նրա խոսքով՝ այս օրերին հավաքվում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ տեղի ունեցած բոլոր անդրադարձերը, հանձնաժողովի առանձին անդամներ հանդիպումներ են կազմակերպում քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մասնագիտական լսարանի՝ դատական իշխանության ներկայացուցիչների, իրավաբանների միության հետ՝ առաջարկությունների ակնկալիքով: Վերջիններիս կողմից ներկայացված կարծիքները, մոտեցումները քննարկվում, մշակվում են, բայց այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչ տեսք կունենա վերջնական հայեցակարգը, որի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է:
«Գիտեք, ես չեմ ուզում դեռևս փակագծերը շատ բացել: Նույն հանձնաժողովում էլ քննարկվող վիճահարույց հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ կան. ոմանք կողմ են գործող կառավարման համակարգին, ոմանք՝ անցում խորհրդարանականին: Դաշտում, հասարակական, քաղաքական կազմակերպությունների մոտ ևս տարբեր մոտեցումներ կան: Օրինակ՝ դաշնակցականները, ում հետ հանդիպում եղել է, շատ կտրուկ են արտահայտվում, որ իրենք սահմանադրական բարեփոխումները կպաշտպանեն, եթե անցում կատարվի կառավարման խորհրդարանական համակարգին: Այնպես որ՝ այսօր որոշել, թե որ մոտեցումն է գերակշռում, դժվար է ասել»,- հավելեց Ղազինյանը՝ հրաժարվելով հայտնել իր մոտեցումը երկրի կառավարման համակարգի և հայեցակարգի աշխատանքային տարբերակում ներառված մի քանի այլ վիճահարույց հարցերի շուրջ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև