Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միկոյանի վաստակները. «168 ժամ»

Մայիս 08,2014 12:16

Միկոյանի արձանը Երևանում ցանկանում են տեսնել ոչ միայն իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները (ովքեր, բնականաբար, չէին համարձակվելու դեմ խոսել այդ գաղափարին, եթե անգամ իրենց պապերը գնդակահարված լինեին այդ կոմունիստի ցուցումով), այլև համեմատաբար չեզոք կամ այդպիսին ներկայացող, իբրև թե մտավորականի, հրապարակախոսի, բարոյագետի դիրքերից հանդես եկողները։ Նրանց անունները չենք նշում՝ իրավիճակի ողբերգականությունն ավելի պատկերավոր չդարձնելու համար։ Նրանք բերում են տասնյակ փաստարկներ՝ էլ համաշխարհային մասշտաբի դեմք, էլ Ստալինի կողմից վստահություն վայելող գործիչ, էլ միջազգային կարգի դիվանագետ…
Բայց որևէ փաստարկ, որևէ հիմնավորում հօդս է ցնդում, կամ պետք է հօդս ցնդի, երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքին։ Իսկ Միկոյանը, ինչպես վկայում են պաշտոնական փաստաթղթերը, նաև օրերս վերահրապարակված փաստաթղթերը, հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ հայերի, գնդակահարելու հրամաններ է ստորագրել կամ խնդրել է Ստալինին՝ ստորագրել։ Դա, սակայն, մեր «էսթետներին» չի խանգարում խոսել Միկոյանի պատմական վաստակի և այլ վաստակների մասին։

Որևէ՝ համեմատաբար առողջ հասարակությունում որևէ հարցի շուրջ բանավեճը կավարտվեր այնտեղ, որտեղ դա կբախվեր մարդկային կյանքի արժեքի վիճարկմանը։ Բայց Հայաստանը, ինչպես հերթական անգամ համոզվում ենք, այդ տեսանկյունից անբուժելի հիվանդ է՝ հոգեկան ամենածանր հիվանդությունների շարքին դասվող հիվանդությամբ։
Այստեղ մարդիկ կարող են չամաչելով հաշվել գնդակահարվածների թիվն ու ցնդաբանել՝ գնդակահարողին ոչ միայն ուղղակի արդարացնելու, այլև պատմական մեծարման արժանացնելու համար։

Թվում է, թե առանձին վերցված արձանի շուրջ նման աղմուկ բարձրացնելը գուցե նույնիսկ չափազանցված է։ Սակայն Միկոյանի ամենամեծ ծառայությունը ՀՀ-ին հենց նրա արձանի շուրջ ծավալված հոգեխանգարմունքն է։ Հայաստանի հանրային, մշակութային, քաղաքական, բարոյական դեգրադացվածության ավելի արտահայտիչ կատալիզատոր դժվար կլիներ գտնել։ Որովհետև այս բանավեճը վեր է հանում մեր հասարակության արժեհամակարգի՝ այլ պայմաններում քողարկված, թաքցված արատները, սարսափելի արատները։ Այս բանավեճը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ապրում է ոչ թե անհատներից բաղկացած հասարակություն, այլ լավագույն դեպքում՝ հանրույթ, խառնամբոխ, որտեղ ամբողջի շահը վեր է ամեն ինչից, և որի համար կարելի է ոչ միայն՝ մեկ, այլ, եթե պետք է, հարյուրավոր կյանքեր զո֊հել։ Սա աշխարհայացքային, մշակութաբանական կարևոր արձանագրում է, որովհետև պետություններն ու հասարակությունները կառուցվում և մեկը մյուսից տարբերվում են հենց այս՝ հայեցակարգային մոտեցմամբ՝ մա՞րդը՝ պետության համար, թե՞ պետությունը՝ մարդու։ Հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանում ոչ միայն՝ ապրում, այլ նաև հանրային գործերով են զբաղվում նրանք, ում համար «մեծ պետությունը», «պետական շահը» վեր է մարդու, թեկուզ մեկ մարդու կյանքից։ Սեփական քաղաքացիներին գնդակահարած պետության պաշտամունքի այդ ստրուկները՝ մսաղացի ստրուկները, հասկանալով կամ բնազդաբար, բացահայտում են իրենց ատելությունը մարդ տեսակի, ամենայն մարդկայինի հանդեպ՝ բացահայտելով նաև ուժեղի առաջ սողալու, նվաստանալու պատրաստակամությունը։ Հավաքական պատրաստակամությունը։ Այսքանից հետո արդյո՞ք անհեթեթ չէ հարցը՝ ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում ՀՀ–ից:

Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Պարոն Գառնիկ, ձեզ ո՞վ է թույլատրել, որ համացանցում խնդրո առարկայի շուրջ իրենց կարծիքը հայտնողներին որակեք ամենատարբեր բառամթերքներով:Դուք խոսում եք՝ գրիչը թվանք սարքած, ո՞վ ասաց, որ դուք հարյուր տոկոսանոց ճշմարտություն եք ասում, իսկ մյուսները սխալ են, և սա այն դեպքում, երբ խոսում եք առանց փաստերի՝ վերամբարձ ու լոզունգային:Միկոյանի հերն էլ անիծած:Պապս 37-ի զոհերից է, և այնպես չէ, որ խելքս գնում է Միկոյանի արձանը մեր քաղաքում տեսնելու համար:Ես ուզում եմ իրական ճշմարտությունն իմանալ, բայց ոչ այնպիսինը, երբ Դեմոյանը Եժովի ստորագրությամբ փաստաթուղթ է ցույց տալիս, որով Միկոյանը պահանջում է Ստալինից երկու հազար հայի աքսոր ու գնդակահարություն:Ինչո՞վ է ապացուցվում, կամ՝ ինչո՞ւ չենք մտածում, որ այդ ճիվաղները սարքել են Միկոյանի գլխին: Գոնե պիտի լինի՞ Միկոյանի խնդրագրի հիմքը:Չկա:Խնդրանքս է հրապարակել փաստեր և դրանք հիմնավորել, այլապես չի կարելի մերկապարանոց սուր ճոճել:

  2. dyadyur says:

    Ինձ թվում է,որ պետության ղեկին մոտ կանգնած ցանկացած տրամաչափի ղեկավար,որի սանկցիայով կամ միջնորդությամբ թափվել է թեկուզ մեկ անմեղ մարդու արյուն,այդ անձը հիշվելու իրավունք չպիտի ունենա` անկախ նրանից թե նա դրանից առաջ կամ դրանից հետո ինչ ,, դրական,,գործեր է կատարել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031