Նախագահականից թույլ չէր տրվելու, որպեսզի Հ. Աբրահամյանն անխոչընդոտ շարունակեր իր հեղինակության բարձրացմանն ուղղված քայլերը։ Եվ արդեն երբ անհրաժեշտ է լինում որեւէ հարցի հետ կապված ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներին կամ ԲՀԿ առաջնորդին հակադարձել, դա արվում է ոչ թե ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի, այլ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով։ Առավել եւս, որ Աբրահամյանը ՀՀ վարչապետ է նշանակվել հենց «քառյակի» եւ, մասնավորապես, ԲՀԿ-ի ամբիցիաները զսպելու համար։
Բանն այնտեղ է հասել, որ Աբրահամյանն արդեն մեկնաբանում է ՀՀԿ խոսնակի ասածները՝ այդպիսով փաստորեն, հանդես գալով Էդուարդ Շարմազանովի խոսնակի դերում։ Արդյոք Աբրահամյանը դա անում է գիտակցաբար, թե նա պարզապես այլ ելք չունի՝ առայժմ պարզ չէ։
Նկատենք, որ ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ Գագիկ Ծառուկյանը իրենց հրապարակային ելույթներում անընդհատ հայտարարում են, որ իրենց «խնամիական» կապերը չեն կարող նպաստել կամ խոչընդոտել քաղաքական զարգացումներին, մինչդեռ իրականում այդ կապերը որոշիչ նշանակություն ունեն։ Դա է վկայում նաեւ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը Հովիկ Աբրահամյանի՝ պետք եղածից ակնհայտորեն մեղմ հակադարձումը։
Արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ասածին, թե առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակն այլեւս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը, Հովիկ Աբրահամյանը նշել էր. «Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին։ Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ՝ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը։ Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի՝օրեր առաջ արված հայտարարությանը։ Եթե դա այդպես է, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել. այն որեւէ այլ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որեւէ երանգ չի պարունակել եւ վերաբերել է Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը»։
Կարդացեք նաև
Եթե այս հայտարարությունը քաղաքական, դիվանագիտական լեզվից «թարգմանում ենք» նորմալ հայերեն, ստացվում է, որ Հ. Աբրահամյանն ասում է, թե Գագիկ Ծառուկյանը «գծից» չի շեղվել եւ շարունակում է մնալ իրենց հավատարիմ։ Գագիկ Ծառուկյան-ՀովիԿ Աբրահամյան կապերի անքակտելիության մեջ օրերս համոզվել են նաեւ ԲՀԿ քաղխորհրդի անդամները, երբ երկուշաբթի օրը հրավիրած քաղխորհրդի նիստում ունեցած իր ելույթում Գագիկ Ծառուկյանը ընդգծել է, որ Հովիկ Աբրահամյանն իր հարազատն է՝ հավելելով սակայն, որ դա որեւէ ազդեցություն չպետք է ունենա իրենց քաղաքական գործունեության վրա։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում