Հատված Մոսկվայի պետական համալսարանի Ինֆորմացիոն-վերլուծական կենտրոնի փոխտնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Կարավաեւի հետ հարցազրույցից:
– Բելառուսի նախագահ Լուկաշենկոն մի քանի օր առաջ հայտարարեց, որ Բելառուսը կարող է հրաժարվել Եվրասիական միության պայմանագիրը ստորագրելուց։ Միգուցե այստեղ կան ինչ-որ քաղաքակա՞ն ենթատեքստեր։
– Ես ծանոթ եմ այդ հայտարարությանը, և նրա ասածներին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել։ Չեմ կարծում, որ դրանք հենց այնպես ասված խոսքեր են։ Հարցն այն է, որ Լուկաշենկոն ինքն այդ շարժման նախաձեռնողներից է, և եթե նա հրաժարվի ստորագրել այդ պայմանագիրը, ապա դա կնշանակի, որ
ԵվրԱզԷՍ-ի հիմնադրումից մինչ օրս անցած տարիները զուր են անցել։ Իհարկե, եթե ստորագրումը տեղի չունենա, դա շատ մեծ հարված կլինի Պուտինին, դա ինքնին հասկանալի է։ Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ պայմանագիրը կստորագրվի։ Լուկաշենկոյի կողմից նման հայտարարությունների նպատակը ոչ թե նախագիծը տապալելն է, այլ ռուսական կողմի բանակցողներին աշխուժացնելը։ Այսինքն՝ նա բարձրացնում է խաղադրույքները և ակնկալում է, որ Մոսկվան իրեն ընդառաջ գնա։
– Իսկ ի՞նչ կարող եք ասել Հայաստանի մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագիրը պատրաստ կլինի հունիսի 1-ին և մայիսի 29-ին կներկայացվի Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի քննարկմանը։ Թեև պետք է նշել, որ մի շարք հայ փորձագետներ համոզված են, որ Հայաստանը տարվա առաջին կեսին չի կարող միանալ Մաքսային միությանը։ Ձեր կարծիքով՝ Հայաստանը կստորագրի՞, թե՞ ոչ։
– Եկեք տեսնենք, թե ինչպես են իրենց աշխատանքը գնահատում իրենք՝ պաշտոնյաները և բյուրոկրատները։ Նախարարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաների ելույթների համաձայն՝ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մտադրության մասին հռչակագրից հետո զգալի աշխատանք է կատարվել։ Ես 100 տոկոսով չեմ կարող ասել, թե այդ աշխատանքը հունիսի 1-ին ամբողջովին ավարտված կլինի, բայց, որ այդ ճանապարհի զգալի մասն արդեն անցել են, ակնհայտ է։ Իհարկե, կան չլուծված խնդիրներ, օրինակ՝ մաքսատուրքերի հարցը։ Հայաստանը, որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, արտաքին տնտեսական գործարքներում ավելի մեծ ազատություններ ունի, քան Մաքսային միության մյուս անդամները, այդ թվում՝ Ռուսաստանը, որը վերջերս է դարձել ԱՄՀ-ի անդամ՝ մի փոքր այլ կանոններով։ Բնականաբար, Հայաստանին անհրաժեշտ են անցումային փուլեր՝ մաքսատուրքերը ներդաշնակեցնելու համար։ Բացի այդ, Հայաստանի տնտեսության մի քանի ճյուղերի եկամուտներն անդամակցությունից հետո կարող են նվազել, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի գոնե կորուստները նվազեցնելու համար։ Այսինքն՝ թեման շատ լայնածավալ է, բայց, իմ կարծիքով, պետք չէ կառչել ինչ-որ ժամկետից։ Տա Աստված, որ հունիսի 1-ին ստորագրեն, բայց փաստը, որ աշխատանքի զգալի մասն արդեն կատարվել է, վկայում է այն մասին, որ ստորագրման պահը բավական մոտ է։
– Կա մեկ այլ տեսակետ, որ հարցը բացառապես քաղաքական է։ Համաձա՞յն եք։
– Ես համաձայն եմ, որ Հայաստանի դեպքում հարցը քաղաքական է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի կարծիքով՝ Հայաստանի անդամակցության հարցը քաղաքական լուծման կարիք ունի։ Նա չի նշել, թե Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի քանի կետ են կատարվել, բայց ուղղակիորեն հայտարարել է, որ աշխատանքի մեծ մասն արդեն կատարված է, և այժմ մնում է միայն քաղաքական որոշումը, որ հարցին վերջակետ դրվի, և փաստաթուղթն ուղարկվի ստորագրման։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կլինե՞ն խնդիրներ Մինսկի և Աստանայի հետ, շատ բան կախված է անհատի գործոնից։ Այդուհանդերձ, պետք է ընդունենք, որ այդ երկրներում թելադրողը ոչ թե բյուրոկրատիան է, այլ ազգային առաջնորդները, քանի որ դրանք կիսաավտորիտար երկրներ են։ Եվ դժվար է ասել, թե ինչ փաստարկների և դիմադրության կբախվի Պուտինը ստորագրման ժամանակ։ Եթե խոսում ենք կոնկրետ Լուկաշենկոյի և Հայաստանի անդամակցության խնդրի մասին, ապա հարցն այն է, թե էլ ինչ կարող է Լուկաշենկոն ուզել Պուտինից՝ Հայաստանի միանալուն համաձայնություն տալու դիմաց։ Եվ դա ընդհանրապես կապված չէ Հայաստանի, նրա տնտեսության և Կովկասի հետ, այն վերաբերում է բացառապես ռուս-բելառուսական հարաբերություններին։ Բայց ես չեմ կարող ասել, թե Լուկաշենկոն կոնկրետ ինչ կուզեր ստանալ Պուտինից։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում