Մայիսի 6-ին կայացած կիսաեզրափակչից հետո իրավիճակի որոշակի փոփոխություն է տեղի ունեցել։ Ու եթե մինչեւ այդ բուքմեյքերներն անվիճելի առաջատար էին համարում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին, ապա այժմ նա իր դիրքերը մի փոքր զիջել է։ Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, վերջին չորս շաբաթների ընթացքում առաջին անգամ բուքմեյքերների վարկանիշային ցուցակում Շվեդիայի մասնակից Սաննա Նիլսենը հայտնվել է առաջին տեղում՝ Արամ MP3-ին մղելով երկրորդ հորիզոնական։
Երրորդ հորիզոնականում, ըստ բուքմեյքերների, Մեծ Բրիտանիան է, այնուհետեւ Հունգարիան եւ Ուկրաինան։
Նշենք, որ հաղթական տեղերը Հայաստանի ներկայացուցչին վերապահում են ոչ միայն բուքմեյքերները։ Wiwibloggs.com–ը, որը, ի դեպ, ֆեյսբուքում շուրջ 40 հազար հավանություն ունի, մարտի 20-ից քվեարկություն է կազմակերպել որոշելու «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչի հաղթողին։ Մրցույթի այդ փուլից առաջ ձայների մեծամասնությամբ (29 %) առաջին տեղը զբաղեցրել է Aram MP3-ը։ Նշված բլոգը, միեւնույն ժամանակ, անդրադարձել է բուքմեյքերների կանխատեսումների վերանայմանը՝ փոխանցելով, որ մայիսի 6-ին կայացած առաջին կիսաեզրափակչից հետո բուքմեյքերները Շվեդիայի մասնակից Սաննա Նիլսենին՝ «29-ամյա շիկահեր ռումբին գերադասել են հայ կատակերգուից»։ «Դա մարդկանց իրավունքն է. Շվեդիան հանկարծ հայտնվել է առաջին տեղում՝ ըստ բոլոր գործակալությունների խաղադրույքների, եւ դարձել հաղթանակի հավակնող նոր ֆավորիտ»,- ավելացրել է Wiwibloggs.com-ը։
Նշենք, որ Արամ MP3–ի անունը տեղ է գտել նաեւ բրիտանական The telegraph պարբերականում։ Վերջինս «Եվրատեսիլում» Հայաստանի մասնակցին արտաքնապես նմանացրել է ամերիկացի R&B երգիչ Ռոբին Տիկին եւ կարծիք հայտնել, որ նա երգում է Coldplay խմբի հայտնի վոկալիստ Քրիս Մարտինի նման։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում