Մի հայտարարության առիթով
Ես ուղղակի զարմացած եմ, սիրելի իմ ընթերցող բարեկամներ, տիկնայք եւ պարոնայք: Զարմացած եմ, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, վերլուծաբանները եւ ուրիշներ այդքան լուրջ են ընդունել ՀՀԿ խոսնակ եւ համատեղության կարգով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ապրիլի 30-ի հայտարարությունը (տես) եւ ընդհուպ մինչեւ այսօր քննարկում են այն հենց քաղաքակա՛ն տեսանկյունից: Ավելին՝ խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ հարկ է համարում արձագանքել դրան (տե՛ս): Ի դեպ, ըստ էության պատասխանելով Ծառուկյանին, Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին ասել է, թե Շարմազանովի հայտարարության իմաստը սխալ է ընկալվել: «Այն որեւէ այլ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որեւէ երանգ չի պարունակել»,- նշել է նա (տե՛ս ): Այ, էս հարցում համաձայն եմ Հովիկ Աբրահամյանի հետ:
Բացատրեմ միտքս. սիրելինե՛րս, իսկապես զարմանում եմ՝ մի՞թե կարելի է լուրջ ընդունել Շարմազանովին, մի մարդու, ով իր ներկա դիրքին հասել է իշխանություններին բացահայտ ու անթաքույց հաճոյանալու ճանապարհով: Լավ, ավելի մատչելի մեկնաբանեմ. ՀՀԿ խոսնակի այդ հայտարարությունները ոչ թե քաղաքական դաշտին էին ուղղված, այլ նախատեսված էին միայն ներքին՝ կուսակցական վերնախավային սպառման համար. Շարմազանովի հայտարարությունը պետք է դիտարկել միայն ու միայն նրա նախորդ ամբողջ գործունեության համատեքստում: Այսինքն՝ նա այդ հայտարարությունն արել է միայն Սերժ Սարգսյանի ու կուսակցական վերնախավի համար:
Եթե չեք հավատում իմ այս մեկնաբանությանը՝ նայեք նրա այդ օրվա հայտարարություններն ամբողջությամբ, եւ կտեսնեք, թե ընդամենը մի 3-4 րոպեում Շարմազանովը քանի անգամ է տարբեր վարիացիաներով կրկնում Սերժ Սարգսյանի անունն ու հիշատակում նրա ասածները. խնդրեմ. «Մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը…», «Ի՞նչ է ասել նախագահը», «Նախագահը նաեւ նշել էր», «Այս մեկ պարագրաֆի մեջ խտացված ու կանխորոշված է», «Պետության առաջնորդը հստակ ամրագրեց», «Իր հայտարարությամբ նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է», «Դա հենց Սերժ Սարգսյանի կողմից ինքնաբացառումն է»... Ձանձրացա՞ք: Իսկ ես, ընդհակառակը, զվարճացա, որովհետեւ…
Բայց մինչեւ որովհետեւը՝ եւս մի բան ասեմ. կան մարդիկ, ովքեր Շարմազանովին, սրընթաց կարիերայի համար, համեմատում են հեքիաթային Քաջ Նազարի հետ: Արդ, խնդրում եմ, այլեւս երբեք նման համեմատություն չանել: Քաջ Նազարը չէր կեղծում ու չէր փորձում կեղծել, նա գործում էր իր վախկոտ էությանը համապատասխան, շրջապատն էր նրան հերոսացնում, Քաջ Նազարը ոչ մեկին չէր հաճոյանում… Էնպես որ՝ Շարմազանովը Քաջ Նազար չէ, նա ավելի շատ նման է ոչ թե հեքիաթի, այլ իրական կերպարի՝ Խորհրդային Ադրբեջանի երկարամյա առաջնորդ Հեյդար Ալիեւին: Վերջինս էր, որ իր բոլոր ելույթներում պարբերաբար կրկնում ու բազմաձայնում էր «թանկագին Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի» անունը, իսկ մի անգամ իր քծնանքի էքստազի մեջ, մատնացույց անելով Բրեժնեւին, բացականչեց. «Ահա նա՝ կենդանի Լենինը»… Շարմազանովն, իհարկե, դեռ չի հասել Հեյդար Ալիեւի մակարդակին: Բայց թող չհուսահատվի, թող կատարելագործի իր վարպետությունը եւ հաճկատարության նորանոր շողշողուն բարձունքներ կնվաճի, համոզված եղեք:
Բայց այսօր ես պիտի հիասթափեցնեմ ՀՀԿ խոսնակին եւ նրա «փայլուն» հայտարարությամբ հիացած այլ կարկառուն կուսակցականներին: Եթե փորձեք մի փոքր վերլուծել, ապա կտեսնեք, որ Շարմազանովը, Հեյդարի նման ընկնելով էքստազի մեջ, մի քիչ «համը հանել է» կամ իրենց պաշտած Մաքսային միության ապագա պաշտոնական լեզվով ասած՝ «պերեստարալսյա»: Շարմազանովը չի էլ հասկացել, չի գիտակցել, թե իր մի (Հովիկ Աբրահամյանի մեկնաբանությամբ՝ «Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը» վերաբերող) խոսքով ինչ մեծ վիրավորանք է հասցրել իր հարազատ կուսակցությանը:
Կարդացեք նաև
Ահա խնդրեմ՝ նրա՝ ամենից քննարկված այն արտահայտությունը, որի համար էլ հենց շատերը բուռն արձագանքեցին. «… Ավելի պարզ ասեմ, եթե որեւէ մեկը ուզում է, կամ հավակնում է դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով» (տե՛ս ): Նկատի ունի՝ այդ փողոցում տեղակայված իրենց գրասենյակը, այսինքն՝ ակնարկում է, որ ճանապարհը անցնում է ՀՀԿ-ով: Դե իսկ հիմա, խնդրում եմ, ասեք՝ որեւէ դռնից ներս մտնելու համար մարդու ճանապարհը ինչո՞վ կամ ինչի՞ վրայով է անցնում: Շատ ճիշտ եք՝ շեմքին փռված շորի, որի վրա համենայնդեպս ոտքերը մաքրում են: Ընդ որում, կարեւոր չէ, դա հի՞ն լաթի կտոր է, թե՞ «ծյունինգ» արած՝ WELCOME գրությամբ…
Ստացվում է, որ ակնարկելով, թե նախագահ կամ վարչապետ դառնալու ճանապարհն անցնում է ՀՀԿ-ով, Շարմազանովը, գուցե եւ անգիտակցաբար, տվել է սեփական կուսակցության, կրկնեմ Հովիկ Աբրահամյանի ձեւակերպումը՝ «ինստիտուցիոնալ դերակատարության» ճշգրիտ բնորոշումը…
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ