Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կերպարվեստը կիսատ-պռատ բաներ չի սիրում»

Մայիս 08,2014 14:05

Նկարիչ Մուշեղ Գրիգորյանը՝ անվանի հոր՝
Զուլում Գրիգորյանի եւ իր արվեստի մասին

Մշակույթի ոլորտում կան մասնագիտություններ, որ փոխանցվում են սերնդեսերունդ: Այս դեպքում՝ կերպարվեստի ոլորտում հայտնի են Բաժբեուկ-Մելիքյանները, Իսաբեկյանները, Արուտչյանները, Էլիբեկյանները, Ասլամազյանները, Կալենցները եւ այլն: Կա կարծիք, որ ընտանիքի կրտսեր արվեստագետներն ավագների ձեռագրից շատ չեն շեղվում: Սակայն ավանդաբար փոխանցվող արժեքների եւ նոր ժամանակների պահանջների միջեւ երբեմն հակասություններ են առաջանում:

«Առավոտի» հյուրը՝ նկարիչ Մուշեղ Գրիգորյանը, որը ճանաչված Զուլում Գրիգորյանի որդին է, այս դիտարկման հետ կապված՝ ասաց. «Հակասությունների մասին ժամանակին Արիստոտելն է ասել, որ դա կա եւ կլինի: Իմ դեպքում՝ հայրս թեպետ ստեղծագործական առումով երբեք ինձ չի ընդդիմացել, բայց արիստոտելյան միտքը՝ արվեստագետ ծնողները, այն էլ հայտնի, երբեք գոհ չեն լինում որդիներից, մեկ-մեկ նրա մոտ էլ եմ նկատել: Այդուհանդերձ, ծնողիցս առիթի դեպքում մշտապես լսել եմ երիտասարդ սերնդին ուղղված հիացական մտքեր, թե ի՜նչ հիանալի սերունդ ունենք»: Նկարիչը շարունակեց, թե պետք է չմոռանալ այն, որ մենք մեծ երկրից (նկատի ունի ԽՍՀՄ-ը) դարձել ենք փոքր, ինչը չէր կարող չանդրադառնալ արվեստի ու մշակույթի ոլորտի վրա եւս: Խնդրեցինք մանրամասնել վերջին միտքը: «Մեծ երկրներում մասշտաբներն ակնկալում են մեծ հաղթանակներ, մեծ պարտություններ, ինտրիգներ… Խորհրդային ժամանակներում հենց երկիրն էր պատվեր տալիս արվեստագետին՝ եւ ուղղակի, եւ անուղղակի իմաստներով: Այսօր էլ կա այդ պատվերը… Կոնկրետ՝ մեր երկիրն այսօր զինադադարի մեջ է հարեւանի հետ եւ արվեստը արտացոլում է մեր այս օրը: Այլ կերպ հնարավոր էլ չէր: Քանի որ արվեստագետները կրքոտ, զգացմունքային «երեւույթներ» են ու նրանց կողմից արտահայտած ռեակցիաներն էլ են զգայուն ու արտահայտիչ, հետեւաբար մեր՝ նկարիչներիս դեպքում, երկրի սոցիալ-տնտեսական ու աշխարհաքաղաքական վիճակը արտացոլվում է կտավներում»,- ասաց մեր զրուցակիցը: Հարցին, թե ստեղծագործում է տարբեր ուղղություններով՝ աբստրակտ, ռեալիզմ եւ այլն, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է արտահայտվում երկրի վիճակը իր ստեղծագործություններում, արվեստագետը նշեց, թե ինքն իրեն համարում է էքսպրեսիոնիստ, բայց միաժամանակ ստեղծագործում է տարբեր ուղղություններում: Նա պատմեց 2001թ. Բարսելոնի էքսպոյում իր հետ կատարվածը. «Միայն ես էի հայ նկարիչ ու ներկայացրել էի 10 աշխատանք՝ տարբեր ուղղություններում, սկսած աբստրակտից: Ինձ մոտեցավ իսպանացի նկարիչ, որի հետ զրույցում հասկացա, որ նա տեղյակ չէ Հայաստանի մասին եւ ընդամենը դիտելով աշխատանքներս, ինձ ասաց. «Ձեր երկրում պատերա՞զմ է…»: Անկեղծ ասած՝ հաճելի էր, որ օտարազգի արվեստագետը կտավներս դիտելով ճիշտ էր ընկալել դրանք»:

Մուշեղ Գրիգորյանին փոխանցեցինք արվեստասերների ու նույնիսկ որոշ արվեստագետների շրջանում տարածված խոսակցությունները, թե Զուլում Գրիգորյանի որդին այլեւս ապրում ու ստեղծագործում է արտերկրում եւ փաստեցինք մեր օրաթերթում հոր՝ «Զուլումը՝ զուլում աշխարհի մասին» հոդվածը: «Անհատական ցուցահանդեսներ քիչ եմ ունեցել, օրինակ՝ 2003-ին Վիեննայում էր, հաջորդ տարի՝ Փարիզում, Հայաստանում վերջին անգամ 2008-ին էր՝ Զուլում Գրիգորյանի ցուցասրահում: Իհարկե, կան առաջարկներ, բայց ինչ-ինչ պատճառներով դրանք չի իրականանում: Ես դրանից ողբերգություն չեմ ապրում, պարզապես շարունակում եմ նկարել: Կարճ ասած՝ իբրեւ արվեստագետ, անում եմ այն ամենը, ինչը կախված է ինձնից: Ինչ վերաբերում է հորս արտահայտած մտքին՝ զուլում աշխարհի մասին, նշեմ, որ դա վերաբերում է Մուշին, Սասունին, Վանին… Արեւմտյան Հայաստանին: Պապս՝ Համբարձումը, կռվել է թուրքի դեմ եւ միայն 15թ., 15 տարեկանում մի կերպ փրկվել: Հիշում եմ, որ նա պատմում էր, թե ինչպես են մորը կենդանի այրել թոնրում եւ այդ հոտը մինչ օրս էլ զգում է… Ընդ որում, պապս մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, գերի ընկել, կռվից հետո էլ վերադարձել է ու 46-ին աքսորվել… Մտքովս անգամ չի անցել երկրիցս հեռու ապրել: Սակայն դա չի նշանակում, թե մեզ մոտ ամեն ինչ կատարյալ է»: Կատակով էլ մեջբերեց հայտնի այն միտքը, թե ուզո՞ւմ ես լինել երջանիկ՝ եղիր… Ռեպլիկին, թե փաստորեն, իսկապես երջանիկ արվեստագետ է, Մուշեղ Գրիգորյանը պատասխանեց. «Մարդկության «բարուրից» սկսած՝ միշտ էլ եղել է բողոք: Դա կա եւ կլինի: Բոլոր ժամանակներում էլ ասել են՝ սա լավ ապրող նկարիչ է, նա՝ վատ: Մեր աշխատանքը, ըստ էության, նյութի հետ քիչ կապ ունի: Եթե բանկիրը վատ է ապրում, համոզված եմ՝ նա վատ մասնագետ է, իսկ նկարիչների դեպքում դա չի խոսում նրա վատ մասնագետ լինելու մասին: Ընդհանրապես, չեմ ընդունում ոչ մի տեսակի որակում արվեստագետների մասին, այնպես, ինչպես չեմ ընդունում, երբ Հայաստանն են համեմատում, օրինակ՝ Շվեյցարիայի հետ…»:

Իսկ թե իր զավակներից մեկը գոնե կշարունակի՞ Գրիգորյանների ընտրած «ընտանեկան» մասնագիտությունը, Մուշեղ Գրիգորյանը պատասխանեց. «Դստերս մոտ շնորհք կա, բայց դա բավարար չէ: Կերպարվեստը, ինչպես մշակույթի ցանկացած ոլորտ, մի աշխարհ է, որը կիսատ-պռատ բաներ չի սիրում…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031