Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրի կնքման պահին կողմերը հստակ տեղեկատվություն ունեցել են վարձավճարի չափի մասին

Մայիս 08,2014 14:15

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց հայցվոր Գրիգոր Գասպարյանի գործով դատական քննությունը: Գ. Գասպարյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ 09.12.2011թվականի պայմանագրով նախատեսված վարձավճարի չափը ամսական 70. 000 ՀՀ դրամ հաշվարկելու, 9 ամսվա վարձավճարը` 630. 000 ՀՀ դրամ գումար եւ դրան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրած տոկոսները բռնագանձելու պահանջի մասին:

Հայցի քննությունն անցավ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ: Նիստին ներկա էին հայցվոր Գրիգոր Գասպարյանը, նրա ներկայացուցիչը դատարանում՝ Մարո Խաչատուրյանը եւ պատասխանող կողմի ներկայացուցիչ Լուսինե Պապյանը:

Նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչը հարց ուղղեց պատասխանող կողմին, թե ի՞նչ հիմքով են հաշվարկել պարոն Գրիգորի ամսական վարձավճարի չափը, որն էլ տրամադրել են առաջին երկու ամսում՝ հաշվարկված ամսական 70. 000-ական ՀՀ դրամով, պատասխանողն ասաց, որ դա հաշվարկել է ՀՀ ֆինանսների նախարարությունը բանավոր կարգով:

Քանի որ հաշվարկը կատարվել է բանավոր, այդտեղից էլ առաջանում է այն վիճակը, որ հետագայում Երեւանի քաղաքապետարանը չի վճարել վարձավճարը, որն էլ եղել է պատճառ, որ Գ. Գասպարյանը վարձը վճարի սեփական միջոցների հաշվին: Բացի դա, քաղաքապետարանի ներկայացուցիչը հարց բարձրացրեց, թե՝ որտե՞ղ են այն կտրոնները, որոնցում նշված է Գրիգորի վարձավճարի մարման փաստը եւ որտե՞ղ է այն փաստը, որ հայցվորը վճարել է վարձավճար:

Այդ հարցն արդեն իսկ ոչ մի փաստացի հանգամանք ունենալ չի կարող, քանի որ քաղաքապետարանն այդ դեպքում ծանրաբեռնում է քաղաքացուն կատարել իր իսկ գործողությունները: Ենթադրենք, քաղաքացին բնակարան է վարձակալում Երեւանի կենտրոնում եւ այն էլ բարձր վարձավճարով, ապա այդ դեպքում Երեւանի քաղաքապետարանը պետք է վճարի այն չափը, որը ներկայացնում է հայցվո՞րը: Դա հարցի լուծում չէ, քանի որ Երեւանի քաղաքապետարանն ի սկզբանե պետք է որոշեր վարձավճարի չափը եւ սահմաններ դրա վճարման միջոցները:
Այդ գործողությունն էլ կատարվել է:

Հայցվորի ձեռքում է գտնվում այն պայմանագիրը, որը կնքվել է նրա, ինչպես նաեւ նրա ընտանիքի մյուս անդամների՝ տիկին Նվարդի, Հայկ եւ Հասմիկ Գասպարյանների կողմից: Համաձայն որի, Երեւանի քաղաքապետարանը պարտավորվել է մինչեւ 2012 թվականի նոյեմբերի 1-ը Սիսակյան փողոցի 22 հասցեում կառուցվող շենքի 18 բնակարանի նկատմամբ անհատույց օտարելու մասին պայմանագիր չկնքելու կամ նշված բնակարանը պայմանագրի 2. 4 կետի 2. 4.1 ենթակետում նշված ժամկետում չհանձնելու դեպքում վճարել հայցվորի եւ նրա ընտանիքի մյուս անդամների ժամանակավոր կացարանում բնակվելու վարձավճարի գումարը, որը կգոյանա 2012 թվականի նոյեմբերի 1-ից հետո: Պայմանագրում նշված ժամկետը մոտեցել էր փաստացի ավարտին: Այսինքն, 2012 թվականի նոյեմբերի մեկից հետո պարոն Գրիգորն ընտանիքի անդամների հետ բնակվել է վարձավճարով բնակարանում, իսկ նոր կառուցված բնակարանն այդ ժամանակ հանձնված չի եղել նրանց: Այդ ժամկետից հետո հայցվորը վարձավճարով բնակարանում բնակվել է 9 ամիս եւ ամսական վճարել 70.000-ական ՀՀ դրամ վարձավճար, իսկ պայմանագրում նշված է, որ տվյալ ժամկետի ընթացքում բնակարանը հայցվորին չհանձնելու դեպքում քաղաքապետարանը պարտավորվում է վճարել նրա վարձակալվող բնակարանի ամսական վարձի չափը, որը չի կատարել: Խնդիրն այն է, որ քաղաքապետարանի մոտ գտնվող պայմանագրի օրինակը նոտարական կարգով չի հաստատվել, որն էլ եղել է պատճառ, որ հայցվորի վարձավճարը քաղաքապետարանը չվճարի: Ի դեպ, հայցվորի մոտ գտնվող պայմանագրի օրինակը նոտարական կարգով հաստատված է եւ այն հանձնվել է դատարան՝ որպես գործում առկա փաստացի ապացույց: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցի ժամանակ Մարո Խաչատուրյանն ասաց. «Սույն գործով բավական ուշագրավ է Երեւանի քաղաքապետարանի կողմից տարվող քաղաքականությունը, քանի որ ելնելով հայցվորների դիմումների պատասխաններից, ինչպես նաեւ հայցադիմումի պատասխանից, պարզ է դառնում այն, որ Երեւանի քաղաքապետարանը չի կատարել վարձավճար տրամադրելու իր պարտավորությունը` ենթադրելով, որ հայցվորների հետ կնքված պայմանագիրը նոտարական կարգով վավերացված չէ: Ավելին, զավեշտալին այն է, որ պայմանագիրը, որը կազմվել է քաղաքապետարանի կողմից, կարծես թե կազմվել է ի սկզբանե, դրա կատարումն անհնարին դարձնելու միտումով, նկատի ունեմ վարձավճարի տրամադրման մասը: Քանի որ վարձավճարի հաշվարկման կարգը որոշվում է Երեւանի ավագանու թիվ 55-Ն որոշմամբ, որն իր հերթին հղում է կատարում ՀՀ կառավարության թիվ 125 որոշմանը, որով սահմանվում է պետական հիմնարկներին տրամադրված գույքի վարձավճարի հաշվարկման կարգը, ոչ թե քաղաքացիներին, բնական է, որ դրույքաչափերը հնարավորինս ցածր են: Ավելին, ըստ պայմանագրի՝ վարձավճարը հաշվարկվում է մի բնակարանի համար, որը դեռեւս շահագործման չի հանձնվել, այն դեպքում, երբ համաձայն հաշվարկման կարգի, այն որոշվում է կադաստրային արժեքով: Հետեւությունները թողնում եմ ընթերցողին»:

Նշանակվեց վճռի հրապարակման օրը՝ մայիսի 14-ը: Թե ինչ կվճռի դատարանը, այդ մասին կանդրադառնանք «Առավոտի» հաջորդ հրապարակման մեջ, իսկ մինչ այդ նշենք մի քանի կարեւոր հանգամանք եւս.
1. Երեւանի քաղաքապետարանի կողմից կատարվել է վարչարարություն, որի արդյունքում հաստատվել է հաշվարկ, ըստ որի՝ Գասպարյաններին յուրաքանչյուր ամիս պետք է տրամադրվեր 70. 000 ՀՀ դրամ գումար, որպես այլ բնակարանում ապրելու վարձավճար: Այդ հաշվարկի հիմք է հանդիսացել Երեւան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի հ 55-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 30-րդ կետով նախատեսված կարգը, քանի որ վարձակալական հարաբերությունների կարգավորման այլ կարգ գոյություն չունի:
2. Այդ հաշվարկի հիման վրա Գասպարյանների ընտանիքին տրամադրվել է երկու ամսվա վարձավճար, ընդ որում, նրանք շարունակել են բնակվել վթարային շենքում եւ այլ բնակարանի վարձակալության մասին տեղեկատվություն չեն ներկայացրել:
3. Պայմանագրի կնքման պահին կողմերը հստակ տեղեկատվություն են ունեցել վարձավճարի չափի մասին՝ հիմք ընդունելով նախկին հաշվարկը:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ պարոն Գասպարյանն ասաց, որ 3 անգամ գրավոր կարգով դիմում է գրել Երեւանի քաղաքապետարանին՝ վարձավճարը վերադարձնելու համար, որը ինքն է կատարել քաղաքապետարանի փոխարեն, սակայն այդպես էլ իրեն վճարված գումարը չեն վերադարձրել: Նա նաեւ շեշտեց. «Պարզապես, քաղաքապետարանը չի կատարում պայմանագրով ստորագրված պատասխանատվությունը»:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031