Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չսպանել Ջոն Քենեդուն կամ ովքե՞ր են ձգտում վերակենդանացնել Անաստաս Միկոյանին

Մայիս 08,2014 14:25

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

«Եթե ՀՀ-ում հիսուն հազար մարդ պիտի սպանվեր, ինքը եկել է ու քսան հազար է սպանվել, դա մենք չենք հասկանում: Ո՞նց կարող ենք մենք չսիրել այդ մարդուն»,-Երեւանում Անաստաս Միկոյանի հուշարձանը տեղադրելու եւ դրա շուրջ ծավալված հանրային բանավեճի առիթով տարակուսանք Է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը: Վարդան Բոստանջյանի քաղաքական սերերն անցողիկ են, եւ Միկոյանի հուշարձանի տեղադրման՝ Երեւանի ավագանու որոշման նրա պաշտպանությունը պարզ պատեհապաշտություն է՝ պարուրված կամ պատմական փաստերի անտեղյակությամբ, կամ դրանց գիտակցված անտեսմամբ ու աղավաղմամբ:

Այս տարվա ապրիլի 30-ին Երեւանի ավագանու նիստում չորս «դեմ» ձայներով որոշում է ընդունվել «Տալ համաձայնություն պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երեւան քաղաքի Իսահակյան-Կորյունի փողոցների միջանկյալ՝ Գ. Քոչարի փողոցին զուգահեռ պուրակում տեղադրելու համար» (https://www.yerevan.am/am/elders-decisions/149-a)։ Որոշմանը կողմ են քվեարկել ավագանու ՀՀԿ եւ ԲՀԿ անդամները: Երեւանի ավագանու N 149-Ա որոշման տակ դրված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությունը: Երեսունվեցամյա Տարոն Մարգարյանի հայրը՝ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, 40 տարի առաջ, 1974թ., 23 տարեկանում, դատապարտվել էր խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով: Որդին հավանաբար համաձայն չէ հոր քաղաքական հայացքների հետ եւ թերեւս խորհրդային ժամանակների «մեծ զտման» դժնդակ տարիներին սեփական հայրենակիցներին գնդակահարության դատապարտած գործչի՝ Անաստաս Միկոյանի քաղաքական հետնորդն է իրեն համարում: Երեւանի ավագանու հիշյալ որոշման նախագծին «կողմ» քվեարկած վեց տասնյակ անդամների հետ միասին:
2000 թ. Բոստոնում, Ատլանտյան օվկիանոսի ափին տեղակայված ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու՝ ամբողջովին ապակեպատ թանգարան-գրադարանի ցուցանմուշները դիտելուց հետո տարակուսեցի. Քենեդու սպանությանն առնչվող միայն մի կարճ դրվագ կար նրա մասին պատմող տեսաֆիլմում եւ ցուցադրվում էր այն կոստյումը՝ փամփուշտի այրված-պատռված հետքով, որը Քենեդու հագին էր սպանության պահին: Երբ թանգարանի աշխատակցին հարցրեցի, թե ինչո՞ւ են այդքան սակավ Քենեդու սպանության վկայությունները, վերջինս պատասխանեց. «Մենք չենք ուզում, որ սերունդները Քենեդուն հիշեն որպես սպանված նախագահ»:

Ո՞վ եւ ինչո՞ւ է սպանել Քենեդուն. այս հարցը ամերիկացիների համար ժամանակի հետ վերաձեւակերպվել է այլ կերպ՝ հիշե՞լ, թե՞ մոռանալ Քենեդուն սպանողին, ինչպե՞ս հիշել Քենեդուն. արդյո՞ք որպես սպանված նախագահի:

Հայաստանյան իրականությունն այլ է եւ այստեղ հարցադրումներն այլ են: Ինչո՞ւ չսպանել Ջոն Քենեդուն, եթե նա հայտարարում է. «Ազատության ջահը փոխանցվել է ամերիկացիների նոր սերնդի: Հպարտ մեր հին ժառանգությամբ՝ մենք ցանկություն չունենք վկա լինել մարդու իրավունքների դանդաղ ոչնչացման» («Ամբիոն», 06.09. 2006): Ինչո՞ւ չվերակենդանացնել եւ չմեծարել Անաստաս Միկոյանին, ով երկաթյա առաջնորդի՝ Ստալինի հետ երկիրը մաքրում էր Խորհրդային Միության թշնամիներից: Անաստաս Միկոյանի կերպարով եւ նրա դասերով է հետայսու դաստիարակվելու եւ կրթվելու հայաստանցիների նոր սերունդը: Անաստաս Միկոյանի քարակերտ ներկայությունը հուշելու է, որ «մեծ զտումը» դեռ առջեւում է, բոլորն արտագաղթում են՝ կենսագործելով «մեծ զտման ծրագիրը»: Այս անգամ՝ առանց գնդակահարությունների:

«Եթե Երեւանում լիներ նրա արձանը, այն, բնականաբար, պետք չէր քանդել: Դնել նորը… չգիտեմ, առանձնապես իմաստ չեմ տեսնում, բայց մեծ աղմուկ բարձրացնելը նույնպես այնքան էլ տրամաբանական չէ: Ես, համենայնդեպս, նրա արձանին ծաղիկներ չեմ դնի».- նկատում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը :
Երեւանում Միքայել Նալբանդյանի հուշարձանին էլ ծաղիկ չեն դնում, թեպետ «Ազատություն» բանաստեղծության տողերը գրեթե բոլորն անգիր գիտեն. «-Ազատություն»- գոչեցի-/ Թող որոտա իմ գլխին/ Փայլակ, կայծակ, հուր, երկաթ, /Թո դավ դնե թշնամին…»: Գուցե Երեւանի ավագանու հաջորդ որոշումը չուշանա, եւ դեպի Մաքսային միություն ընթացող Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնից հանվի ազատության երգչի՝ Նալբանդյանի հուշարձանը:

Իրադարձությունների այս անհեթեթ շուրջպարը թերեւս կարելի էր նաեւ օրինաչափ համարել. հուշարձանները խորհրդանիշներ են, որոնց տեղահանելը եւ կամ դրանք տեղադրելը նախորդում կամ հաջորդում են հասարակարգի եւ համակարգի փոփոխություններին: Հայաստանում եւս հասարակարգի եւ համակարգի փոփոխություն է տեղի ունենում. Հայաստանը խորհրդայնացվում է:

Հայաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում, եւ Անաստաս Միկոյանի հուշարձանի տեղադրման մասին Երեւանի ավագանու որոշումը դրա ազդականչն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արուսյակ says:

    Ինձ թվում է, այդ արձանը տեղադրելով, ինչպես ժամանակին Լենինի արձանն էր տեղադրված, մենք ցույց կտանք, որ մեր ազգը չի կարողանում թոթափել ստրուկի հոգեբանությունն` իր բոլոր զարհուրելի, ազգակործան հետևանքներով:

  2. Արամ Բաբաջանյան says:

    Լավ է գրված, հյութեղ, ազատական արժեքների պրիզմայով:
    Բայց “դավադրության տեսության” հոտ է գալիս: Սպասվող ինչ-որ “մեծ զտման” մտավախության ու տագնապի ահազանգ է հնչեցվում…
    Բանն այն է, որ ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունենում: Եվ տեղի էլ չի ունեցել, ըստ էության: Հայաստանը ոնց որ կար՝ “հետխորհրդային”, այդպես էլ կա: Կուսակցություններն էլ են Կոմկուսի նման (միաձայն ու ծափահարություններով), պետական չինովնիկներն էլ՝ նույն կաշառակերն ու ամենաթողն են, հասարակությունն էլ՝ իր մեծամասնությամբ պոստսովետիկուսներից բաղկացած:
    Խնդիրը այլ տեղ է: Իրապես փոխվելու համար խիզախություն է պետք անցյալը վերագնահատելու: Ոչ թե կուրորեն մերժելու, այլ՝ քննելու, հասկանալու: Դա մեր անցյալն է, մեր պատմությունն է, մեր դահիճներն են ու մեր գործիչները: Առանց այդ վերագնահատման հնարավոր չէ պարզելէ որոնք են (ովքեր են) պատմական հակասական այդ ժամանակաշրջանում մեր իրական ձեռքբերումները, հետևապես չի լինի նաև մեր “խորհրդանիշների” շուրջ այդքան անհրաժեշտ հանրային կոնսենսուսը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031