Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցների ժամանակ Չինարիում բարձր երաժշտություն են միացնում

Մայիս 08,2014 14:40

Սահմանամերձ Չինարիում կյանքը նկուղներում է անցնում

«Փորձում ենք անվախ ապրել, կրակոցների ժամանակ երաժշտություն եմ միացնում, լույսերն եմ միացնում, որ թշնամին իմանա՝ խուճապի չենք մատնվում, բայց մեկ է՝ սիրտս անընդհատ անհանգիստ է, որ ինչ- որ մի բան կլինի եւ ամեն կրակոցի ձայնից մտածում եմ՝ պատերազմը կսկսվի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակչուհի Քնարիկ Սաղոյանը:
Որքան էլ սահմանամերձ այս գյուղերում տարիներ ի վեր խաղաղ բնակչությունը կանոններով է ապրում՝ լույսերը չեն միացնում, աշխատում են գյուղում աչքի ընկնող ճանապարհներով չքայլել, մութ ժամանակ ծխախոտով փողոց դուրս չգալ, որպեսզի չհայտնվել թշնամու տեսադաշտում, միեւնույն է՝ տիկին Քնարիկը եւ գյուղի մյուս բնակիչները տնամերձ հողամասերում, դաշտերում, օրը ցերեկով, Աստված կանչելով՝ աշխատում են: Տիկին Քնարիկը, որն արդեն 5 տարի է՝ ամուսնու զոհվելուց հետո միայնակ է ապրում, չորս երեխա ունի: Նրա տունը գյուղում է, անմիջապես թշնամու նշանառության տակ: Նրա երեխաներից ոչ ոք այսօր մոր կողքին չեն. մայրն է այդպես ուզել, որ երեխաների ապահովության համար զավակները գյուղից գնան: Չի ուզում հերթական կորուստն ունենալ:

Տիկին Քնարիկի մի որդին ծառայում է Հայոց բանակում եւ մեկ ամսից զորացրվելու է: Մեզ հետ զրույցում տիկին Քնարիկը պատմեց, որ ամուսինը զոհվել է թշնամու գնդակից, երբ փորձել է մի երեխայի կյանքը փրկել, որը նույնպես վիրավորվել էր ադրբեջանական զինվորների կրակոցներից:

«Թե՛ կին եմ, թե՛ տղամարդ եմ՝ իմ երեխաների թիկունքում ես եմ: Իմ ամուսնուս շինած տունը չեմ թողնի, էսօր ես թողնեմ, վաղը մյուսը, ամբողջ գյուղը կդատարկվի ու ասա գյուղը տանք թշնամուն ու գնանք»,- ասում է տիկին Քնարիկը: Նրա պատմելով՝ որդիներից մեկը գյուղում գործ չունենալու պատճառով մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, մյուս երեխաները մայրաքաղաքում են:

Տիկին Քնարիկի խոսքերով. «Տղայիս ասել եմ՝ գնա աշխատի, որ ընտանիք կազմես, իմ հարսին հո չե՞մ բերելու «գյուլլի» տակ նստացնեմ: Քանի ես կամ, իմ երեխաներին չեմ թողնի, որ վտանգի տակ ապրեն: Քանի ես կամ, ամեն ինչ կանեմ, որ իրենց կյանքը ապահով լինի: Իսկ ես չեմ լքում գյուղը, քանի որ ամուսնուս գերեզմանն է այստեղ, ամուսնուս շինած տունը: Չեմ կարող թողնել, հեռանալ»:

Տիկին Քնարիկն էլ հողամասում աշխատելիս իր համագյուղացիների նման, եթե մի օր կրակոց չի լինում եւ խաղաղ է լինում, անհանգստանում է՝ չլինի՞ թշնամին մի բան է մտածում. «Գործ անելուց մտածում եմ՝ տեր Աստված, բա որ կրակե՞ն, բայց էլի ուժ եմ հավաքում ու փորձում ապրել: Բայց երբեմն էլ, երբ խաղաղ օրեր են լինում, մտածում եմ՝ ամեն օր էլ այսպես խաղաղ կապրե՞նք, բայց դա ընդամենը հույս է»:

Տիկին Քնարիկը մեզ հետ զրույցում պատմեց, որ օրը սկսում է առավոտվա ժամը 7-ից՝ հարեւանուհիների հետ մի բաժակ սուրճ է խմում ու անցնում գյուղական գործերին:
Չինարիում եղած օրերին նկատեցինք, որ այս տարիների ընթացքում գյուղի բնակիչները կրակոցների ռիթմին այնքան են սովորել, որ մի մարդու պես պատսպարվում են: Տագնապի ժամանակ էլ երեխաները դպրոցներում ու մանկապարտեզում անմիջապես անվտանգ վայր են տեղափոխվում: Սահմանամերձ գյուղերում անասնապահությունը, որը գյուղացիների հիմնական զբաղմունքն է, չի զարգանում, գյուղացիները չեն կարողանում անասուններին արոտավայր տանել կամ խոտ հավաքել՝ նրանց կերակրելու համար:
Ընդհանրապես սահմանամերձ տարածքներում կյանքը նկուղներում է անցնում, մարդիկ իրենց տների երկրորդ հարկ խուսափում են բարձրանալ, որպեսզի չհայտնվեն թշնամու նշանառության տակ:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031