«Մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում դժվար է զարգացնել փոքր եւ միջին բիզնեսը, ամեն դեպքում փորձում ենք այդ դժվարությանը դիմակայել, հաղթահարել եւ աջակցել, որպեսզի մեր տեղական արտադրանքը զարգանա եւ ճանաչում գտնի ամբողջ աշխարհում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Chust Shoes»-ի տնօրեն Ռուզաննա Սաղաթելյանը:
«Chust Shoes» հայկական մուլտի-բրենդային «խանութ-սրահն» այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպել էր մեդիա այց: Մեդիա այցի նպատակն է ներկայացնել հայկական կոշիկի արտադրության առանձնահատկությունները, կոշկագործության ոլորտի նորույթները, մրցակցային առավելությունները, ինչպես նաեւ հեռանկարները մեր երկրում թեթեւ արդյունաբերության զարգացման, արտասահմանյան շուկաներում հայկական արտադրության կոշիկների իրացման, նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից:
Ռուզաննա Սաղաթելյանը, խոսելով արտասահմանյան շուկայում հայկական արտադրանքի մրցունակության մասին ասաց, որ հայկական կոշիկը, ունենալով հին պատմություն, եւ չզիջելով եվրոպական բրենդային կոշիկներին՝ ապահովելով բարձր որակ արտասահմանյան շուկայում՝ եւ մատչելիությամբ, եւ որակական հատկանիշներով, մեծ պահանջարկ կունենա: Բացի տեղական եւ արտասահմանյան շուկայում ներկայանալը՝ «Chust Shoes» նախատեսված է նաեւ զբոսաշրջիկների համար, որը ըստ Ռուզաննա Սաղաթելյանի՝ լավագույն միջոցն է օտարերկրացի սպառողին ներկայացնել հայկական արտադրանքը:
Ընկերության առաջին պատվերը բարեգործական է եղել՝ Վանաձորի մանկատան համար՝ 90 զույգ կոշիկ: Տնօրենի խոսքերով բարեգործական ծրագրեր պարբերաբար կլինեն:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Անցած տարի որոշեցի հայկական արտադրության կոշիկ գնել՝օգնել հայ արտադրողին:Կոշիկը բարձորակ կաշվից էր,ներբանը անորակ,որը կոտրվեց երկու ամիս հագնելուց հետո:Ներբանը նորոգելուց հետո շարունակեցի կոշիկը մաշել՝շատ դիմացկուն էր՝նույնիսկ հող փորելուց հետո պահպանում է իր վիճակը:Սակայն ունի մեկ մեծ թերություն՝կարելի է ասել սովետական շրջանի թերություն-ոտքը ներբանի վրա նստում է առանձին կետերում,որի պատճառով արագ հոգնում է:Թերությունը կաղապարի մեջ է,որը գալիս է ,,Մասիս,, ֆիրմայի ժամանակներից:1990 թվականին ձեռք էի բերել Աբովյանի ,,Լյուքս,, ֆիրմայի կոշիկ,որից մնացել են բարի հիշողություններ՝հարմարավետ էր,թեթև,դիմացկուն,ոչ շատ թանկ,ոտքը նստում էր ամբողջ մակերեսով ր չեր հոգնում:Եթե այդպիսի կոշիկ արտադրվի,կդառնամ հիմնական սպառող….