Երևանի պետական համալսարանում 2006 թվականից գործում է «Մշակույթի կենտրոնը» , որը ուսանողներին հնարավորություն է տալիս անվճար հաճախելու երգի, պարի, ինչպես նաև բեմական արվեստի, մասնավորապես` թատերական դասընթացների : Կզրուցենք «Մշակույթի կենտրոն» -ի տնօրեն Կարինե Դավթյանի հետ.
– Տիկին Դավթյան, ե՞րբ և ի՞նչպես ստեղծվեց մշակույթի կենտրոնը:
– «Մշակույթի կենտրոնը» ստեղծվեց 2006 թվականին: Մինչ դրա ստեղծումը 2005 թվականին «շրջանավարտների միավորման» կողմից ես հրավիրվեցի Երևանի պետական համալսարան` ստեղծելու ուսանողական թատրոն, և ընդամենը մեկ տարի եղա թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Այդ մեկ տարվա ընթացքում երեք բեմադրություն է արվել: Ինձ պարբերաբար հրավիրում էին տարբեր միջոցառումների, որ արվում էին ուսանողների կողմից, և պատկերը բավականին տխուր էր: Բնականաբար ուսանողը անում է իր հնարավորությունների սահմաններում, բայց կազմակերպել միջոցառումներ կամ զբաղվել մշակութային հարցերով շատ ավելի լուրջ խնդիր է, նամանավանդ այնպիսի հաստատությունում, ինչպիսին Երևանի պետական համալսարանն է, որովհետև կա ավելի քան 14 000 ուսանող: Համալսարանը մի հսկայական քաղաք է քաղաքում` ուսանողական քաղաք: Այս խնդրին շատ լուրջ մոտեցան շրջանավարտների միավորման նախագահ պարոն Քարամյանը և պարոն Սիմոնյանը` ռեկտորը: Եվ այս ամենի արդյունքում էլ գիտական խորհրդի 2006 թվականին հունիսի 6-ի որոշմամբ ստեղծվեց մշակույթի կենտրոնը, և արդեն ինը տար է մենք կանք :
– Մենք գիտենք, որ դուք կազմակերպում եք ֆիլմերի ցուցադրումներ. կխոսե՞ք այդ մասին :
Կարդացեք նաև
– Այո, մեր ծրագրերից մեկն էլ երկու տարի առաջ ստեղսծված կինոակումբն է: Համալսարանում մինչև այդ էլ եղել են ցուցադրումներ. տարբեր ֆակուլտետներ են կազմակերպել, ուսխորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը: Մեզ մոտ գործում է հանդիպումների ակումբը, որը սոցհարցումներ է անցկացնում, թե կազմակերպվող միջոցառումները որքանով են հետաքրքրում ուսանողությանը, ինչպես կգնահատեին և էլ ինչ կուզեին տեսնել: Մեր հարցումները ցույց տվեցին, որ իսկապես կա մեծ ցանկություն, որ այստեղ լինեն կինոցուցադրություններ: Փորձեցի կապվել մասնագետների հետ, բայց ստացվեց այնպես, որ «Հայֆիլմը» արդեն լուծարվել էր. Արմենիան գնել էր նրանց արխիվները, Կինոտունը նույնպես քանդված վիճակում էր: Մի պահ որոշեցի ինքս գտնել ֆիլմեր, թեկուզ արխիվներից: Ես չէի ուզում վերցնել վարձույթով տրվող ֆիլմերը. դրանք կան և յուրաքանչյուր մարդ կարող է դիտել, և էստեղ այլ մոտեցում էր պետք: Հիմնվելով այս ամենի վրա՝ առաջարկ արեցի ազգային կինոկենտրոնին և իրենք սիրով այն ընդունեցին:
– Բայց այսօր հայ երիտասարդին ավելի շատ հուզում է արտասահմանյան կինոն, այնպես չէ՞:
– Ուսումնասիրությունից պարզել էի, որ հայ երիտասարդները լավ ծանոթ չեն հայ կինոյին,: Իհարկե, շատ լավ է, որ նրանք տեղեկացված են արտասահմանյան կինոշուկայից, բայց, առաջին հերթին, դու պետք է քոնը իմանաս: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ նախ և առաջ պետք է իմանա իր լեզուն, իր մշակույթը, իր կինոն, հետո նոր թող ուսումնասիրի մյուս ազգերինը: Բայց քանի որ մենք չունենք այնպիսի հեռուստաալիք, որը կցուցադրի հայկական ֆիլմեր, այսօրվա երիտասարդությունը չի կարողանում հաղորդակից լինել մեր ունեցած նախկին ֆիլմերի ոսկե ֆոնդին, միևնույն ժամանակ չի կարողանում ծանոթանալ այսօրվա մեր նոր կինոներին: Ինչո՞ւ հայ երիտասարդը չկարողանա նայել, համեմատել և ի վերջո իր մշակույթին ծանոթ լինել:
– Որքա՞ն հաճախ են տեղի ունենում ֆիլմերի ցուցադրությունները:
– Կինոդիտումները լինում են չորեքշաբթի օրերին, և պատահական չէ, որ միշտ նույն օրն է. ուզում ենք մեր ուսանողությունը սովորեն դրան, և չորեքշաբթին նրանց համար դառնա մեզ մոտ ֆիլմ դիտելու օրը: Մենք ի սկզբանե էլ որոշեցինք, որ կլինեն ոչ միայն ցուցադրություններ, այլ նաև հանդիպումներ տվյալ ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հետ, այսինքն` կարող է լինել և ռեժիսորը, և սցենարիստը, և օպերատորները, և պրոդյուսերի, և դերասանական կազմի, և ովքեր դիտել են ֆիլմը կարող են նրանց բոլորին հարցեր հղել, այսպիսով` ապահովում ենք նաև կոնտակտը հանդիսատեսի և ֆիլմը ստեղծողների միջև:
– Ինչպե՞ս ընդունեցին այս առաջարկը արվեստագետները :
– Բավականին մեծ ոգևորությամբ, քանի որ արվեստագետները այսօր շատ քիչ հնարավորություն ունեն շփվելու իրենց հանդիսատեսի հետ, իսկ սկսնակներին դա հատկապես պետք է:
– Հայ կինոն շատ երկար ժամանակ լուռ էր, չե՞ք կարծում, որ գուցե ուսանողները հետ են վարժվել, և ժամանակ է հարկավոր կրկին մեր ազգայինը սիրելու և դրանով հետաքրքրվելու համար:
– Այո, դա ևս կապ ունի: Ես չեմ ուզում միանշանակ մեղադրել: Երբ «Մշակույթի կենտրոնը» ստեղծվեց, ուսանողների մեծ մասը երկար ժամանակ հետո միայն հասկացավ, թե այն իրենից ինչ է ներկայացնում: Մենք այս տեսակետից մեծ խնդիր ունեինք: Սակայն ամենամեծ ազդեցությունը ունենում էր անձնական շփումը. երբ գնում և զրուցում էինք ուսանողների հետ, բացատրում էինք, ասում էինք: Շատերին սկզբում թվում էր, թե այս ամենը վճարովի է , և մենք հասկացանք, որ սա էլ էր պատճառներից մեկը, ու սկսեցինք նախօրոք նշել, որ այս ամենն իրենց համար արվում է անվճար, քանի որ մեր խնդիրը փող աշխատելը չի, այլ մշակույթի միջոցով երիտասարդների դաստիարակությունը: Պատասխանատվությունը շատ մեծ է: Համալսարանը նաև գնում է թատրոնի տոմսեր և բաժանում է որոշ ուսանողների. այստեղ կա որոշակի ուղղվածություն, երբեմն վատ` ներկայացումներ ենք վերցնում, երբեմն լավ, որ ուսանողները տեսնեն, հասկանան տարբերությունները, լավը վերցնեն լավից, իս վատից սովորեն չանել վատը: Այսպիսով` «Մշակույթի կենտրոնը» ծառայում է այս ամենին :
Զրուցեց Լաուրա Շագալդյան
ԵՊՀ մշակույթի կենտրոնը արհեստածին մի կառույց է,որը ուսխորհուրդների ոճով ,,որոշակի,, ոչ մշակութային շահեր է սպասարկում …