ԱԺ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 7-ին գումարվեց Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը: Նիստի սկզբում նախագահողը տեղեկացրեց, որ Վարդան Սողոմոնյանը միացել է ԵԽ անկախ պատգամավորական խմբին:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումն անավարտ էր մնացել նախորդ նիստում եւ շարունակվեց այսօր:
Օրինագծի համահեղինակ Մակար Եղիազարյանը պատասխանեց ԵԽ անդամների հարցերին:
Մի խումբ պատգամավորների հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց համահեղինակ Մակար Եղիազարյանը, ով մանրամասնեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Փոփոխությունները վերաբերում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ եւ 340-րդ հոդվածների մի շարք կետերի:
Լուսինե Փիրոյանի եւ Խաչիկ Պետրոսյանի հեղինակած «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը օրակարգի վերջին հարցն էր: Լուսինե Փիրոյանը ներկայացրեց, որ ըստ գործող օրենքի՝ հաշմանդամ երեխան հաճախում է ընդհանուր նախադպրոցական հիմնարկություն, որտեղ նրա սահմանափակ կարողությունները հաշվի առնված չեն, եւ երեխան չի կարող առաջընթաց ունենալ: Ըստ զեկուցողի՝ չկան հստակ չափանիշներ ու չափորոշիչներ, թե ինչպիսի ցուցումների դեպքում եւ որ հիմնարկում երեխան պետք է դաստիարակվի: Օրենքի փոփոխությունը նպատակ է հետապնդում բացառել սահմանափակող մոտեցումները հաշմանդամ երեխայի նկատմամբ եւ կոնկրետ նախադպրոցական հիմնարկում երեխայի կրթության եւ դաստիարակության հնարավորությունը որոշել միայն համապատասխան փորձագիտական գնահատականի հիման վրա:
Կարդացեք նաև
Օրինագծերի շուրջ ծավալվեց մտքերի փոխանակություն:
Օրինագծերի քվեարկությունը տեղի կունենա հաջորդ նիստում: