Մայիսի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ: Օրակարգում մեկ հարց էր՝ ծառայության աշխատանքում առկա թերությունները, դրանց պատճառների վերլուծությունն ու վերացման ուղիները:
Խոսելով իրավիճակը շտկելու ուղիների մասին, ոստիկանության պետը նշեց, որ հնարավորինս արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից, ինչը բարեխիղճ ոստիկանների, առաջին հերթին ստորաբաժանումների ղեկավարների ուղղակի պարտականությունն է:
Անդրադառնալով բարեփոխումների ընթացքին, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ փոփոխություններին ընդդիմանում են ոչ միայն հասարակության որոշակի խմբերի ներկայացուցիչներ, այլև դիմադրություն կա հին ու արատավոր գործելաոճից չհրաժարվող որոշ ոստիկանների կողմից:
Ոստիկանության պետն ընդգծեց, որ հասարակությունը դրական է վերաբերվում ոստիկանության վերափոխմանը, քաղաքացիները հանդուրժող են թերությունների հանդեպ, սակայն պահանջկոտ են ոստիկանի բարոյական նկարագրի և պատշաճ ծառայության հարցում: Դա նաև ոստիկանության ղեկավարության գլխավոր ու առաջնահերթ պահանջն է:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց և ժամկետներ նշանակեց թերությունները վերացնելու և ծառայությունը պահանջվող մակարդակին հասցնելու համար:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն