Վրաստանում Հայ համայնքի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 6-ին կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում: Հանդիպման ավարտին նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Ինձ համար մեծ պատիվ է Վրաստանում գտնվելը և այս եռակողմ գագաթաժողովին մասնակցելը: Այս հանդիպումը բազմակողմանի և կառուցողական համագործակցության հերթական ապացույցն է: 2007թ.-ին մենք հավաքվեցինք և սկսեցինք մեր համագործակցության նոր փուլը, սկսեցինք նոր նախագծեր: Այսօրվա հանդիպման ընթացքում մենք ևս մեկ անգամ մանրամասնորեն քննարկեցինք բոլոր համատեղ նախագծերը` «Բաքու-Թբիլիսի-Ջեյխանը» և «Բաքու-Թբիլիսի-Կարսը»:
Այս նախագծերը կարևոր են ոչ միայն տարածաշրջանի համար, այլև գլոբալ մասշտաբով: Մենք բոլորս գիտակցում ենք այդ գլոբալ նախագծերի կարևորությունը, և մեր երեք երկրներն անում են ամեն ինչ, որպեսզի ապահովեն Հարավային Կովկաս տարածաշրջանի կայունությունն ու հաստատակամությունը: Կարծում եմ, որ մեր գործողությունները համապատասխանաբար են գնահատվում ամբողջ տարածաշրջանում: Մենք չենք կարծում, որ Կովկասի բարձր լեռները պատեր են, որոնք բաժանում են: Ո´չ: Փաստացիորեն, մենք վերածում ենք այդ լեռները կապող ճանապարհի: Դա ծառայում է մեր երկրի, մեր հարևանների շահերին և ամրացնում է մեր անկեղծ ընկերությունը», -հայտարարել է Թուրքիայի նախագահը:
«Մենք շատ ջանքեր ենք գործադրում, որպեսզի մեր եռակողմ համագործակցությունը ծառայի ոչ միայն մեր երեք երկրներին, այլև ամբողջ աշխարհին, քանի որ մեր համագործակցությունը հիմնված է մեր փոխադարձ շահերի վրա», -հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Թբիլիսիում կայացել է «Գագաթաժողով 2014» եռակողմ գագաթաժողովը, որի աշխատանքներին են մասնակցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պատվիրակությունները երկրների նախագահների ղեկավարությամբ: Մեկօրյա գագաթաժողովի ընթացքում կայացան բանակցություններ և քննարկումներ, ինչպես բաձր, այնպես էլ նախարարների և դեպարտամենտների մակարդակով: «Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կձևավորվի ռազմական միություն», -հայտարարել է ռազմական հարցերով փորձագետ Գիա Մաիսաիան: Ըստ նրա խոսքերի` նախագահների եռակողմ հանդիպման հիմնական թեման է եղել անվտանգության հարցը: «Բաքվի և Թուրքիայի միջև փաստացիորեն ձևավորված է եղել ռազմական ալյանս, որը ենթադրում է, որ Ադրբեջանում ռազմական հարձակում լինելու դեպքում Թուրքիան անպայման իր վրա կվերցնի օգնության պատասխանատվություն: Բնականաբար, այս համատեքստում ի հայտ է գալիս Վրաստանի գործոնը, առավել ևս, որ մեր երկրի հանդեպ ռազմական միջամտության վտանգը ծայրահեղ բարձր է: Այդ իսկ պատճառով, բնականաբար, խոսակցությունը կվերաբերի նաև այս թեմային: Նախագահները կխոսեն, որպեսզի համագործակցություն լինի մեր երկրների միջև և ռազմական միջամտության դեպքում պետությունները` հարևանները կօգնեն միմյանց», -հայտարարել է ռազմական փորձագետը:
Հաջորդ օրը` գագաթաժողովից հետո, Վրաստանի նախագահի նստավայրում երկկողմանի հանդիպում է կայացել Վրաստանի և Թուրքիայի նախագահների միջև: Ընթերցողին ենք ներկայացնում մի քանի մեկնաբանություն-գնահատական նախագահների հանդիպման վերաբերյալ.
«Երեկ և այսօր Թբիլիսին հյուրընկալել է շատ կարևոր և պատմական նշանակություն ունեցող հանդիպումներ: Երեք երկրների համագործակցության ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ պետությունների առաջին դեմքերի հանդիպումը կայացավ Թբիլիսիում: Այս հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության հարցերը, անվտանգության և կայունության բոլոր կարևոր հարցերը: Իսկ այսօր` մայիսի 7-ին կայացել է Թուրքիայի նախագահի պաշտոնական այցը Վրաստանում: Երկկողմանի հանդիպման ընթացքում կքննարկվեն փոխադարձ համագործակցության հարցերի մի ամբողջ սպեկտր, որն այսօր գոյություն ունի մեր երկրների միջև», -հանդիպման սկզբում հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպանը:
«Մեզ համար ծայրահեղ կարևոր է Թուրքիայի աջակցությունը, որը մեր ռազմավարական համագործակիցն է, և որը միշտ ընդգծում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում: Տարածաշրջանում խաղաղության պահպանման համար երեք երկրների համագործակցությունը շատ կարևոր է: Թուրքական ներդրումների ներգրավումը Վրաստանում և համապատասխանաբար նոր նախագծերի իրականացումը մեր համագործակցության նպատակն է: Եվ այդ ամենն էլ ավելի կխորացնի մեր փոխհարաբերությունները: Այսօրվա հանդիպումը ծայրահեղ կարևոր է», -հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Մանանա Կոբախիձեն:
«Սա շատ կարևոր համագործակցություն է ոչ միայն երկկողմանի փոխհարաբերությունների, այլև տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից: Մենք միասին իրականացնում ենք բազում նախագծեր: Այսօրվա` նախագահների մակարդակով հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ հաստատվեց, որ մեր համագործակցությունը ոչ միայն կշարունակվի, այլև ավելի կխորանա», -հայտարարել է Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին: