Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Մայիս 07,2014 19:39

Մայիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանը ներկայացրեց վերջին շրջանում Սիրիայում տիրող վատթար իրավիճակը: Նա նշեց, որ Սիրիայի հյուսիս, հյուսիսարևելյան շրջաններից Հալեպի հայկական թաղամասերի վրա հարձակված զինյալների գործողությունների հետևանքով հալեպահայերի գոյությունը վտանգված է: Մարդկանց կենսագործունեության համար բացակայում են նվազագույն պայմանները, ազգաբնակչությունը բռնել է արտագաղթի ճանապարհը: Չնայած այս ամենին՝ ոչ մի հայկական դպրոց և եկեղեցի չի դադարեցրել իր գործունեությունը Սիրիայում: Այսօր Քեսաբը ամբողջովին հայաթափված է: Պետք է ամեն կերպ երկխոսության միջոցով նպաստել խաղաղության հաստատմանը և նորից վերակառուցել Քեսաբը: Հարություն Սելիմյանը բարձր գնահատեց ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերը սիրիահայերի խնդիրների լուծմանն աջակցելու համար և շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար: Սիրիայում գործող շտապ օգնության մարմինները ամենօրյա աշխատանքներ են տանում օրհասական վիճակում գտնվող սիրիահայերին աջակցելու համար:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել Թուրքիայի Վաքըֆ գյուղում գտնվող 22 հայերի անունները՝ նրանց Լաթաքիա իրենց ազգականների մոտ տեղափոխելու նպատակով: Նախարարը նշեց, որ եթե հնարավոր լինի կազմակերպել սիրիահայ երեխաների տեղափոխումը Հայաստան, սփյուռքի նախարարությունը պատրաստ է նրանց ընդգրկել նախարարության ծրագրերում, կազմակերպել նրանց ամառային հանգիստը ճամբարներում:

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ներկայացրեց երևանաբնակ սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության 2014 թվականի ծրագրի կատարման ընթացքը: Երևանի քաղաքապետարանը շարունակում է աջակցությունը սոցիալապես կարիքավոր սիրիահայ ընտանիքներին : Նախապես կատարվել է սիրիահայ ընտանիքների ուսումնասիրություն և կարիքների գնահատում: Դրամական աջակցություն է տրամադրվել 79 սիրիահայ ընտանիքի: 283 սիրիահայերի տրամադրվել են կենցաղային, պարենային ապրանքներ, հագուստ, գրենական պարագաներ: Կան պետական սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված սիրիահայ ընտանիքներ: 2014թ ՀՀ քաղաքացիություն ունեցող 28 սիրիահայեր հաշվառվել և ձեռք են բերել կենսաթոշակ ստանալու իրավունք: Շեշտվեց, որ առաջնահերթ խնդիրներից է բնակարանների վարձավճարների փոխհատուցումը: 179 սիրիահայ ընտանիքների տվյալները փոխանցվել են «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը բնակարանային վարձավճարները փոխհատուցելու նպատակով: Ներկայացվեց նաև դպրոցներում սիրիահայ աշակերտների ինտեգրման նպատակով նրանց համար կազմակերպված արտադասարանային մշակութային, ռազմահայրենասիրական դասընթացների, ճանաչողական այցելությունների կազմակերպումը : Աշակերտներն ամբողջությամբ ընդգրկված են տարաբնույթ կրթական և մշակութային ծրագրերում: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց ՀՀ քաղաքացիների համար նախատեսված հիմունքներով սիրիահայ ընտանիքներին ևս սոցիալական ապահովության նպաստների տրամադրումը:

Սիրիահայերի աջակցության ուղղությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կատարած աշխատանքների մասին զեկուցեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա նշեց, որ 80 մլն դրամ տրամադրվել է սիրիահայերի ուսման վարձավճարների, բուժման և այլ ծախսերը հոգալու նպատակով: Առաջիկա օրերին 60 հազար դոլար կփոխանցեն Սիրիայում Հայաստանի դեսպանություն՝ քեսաբահայերին օգնելու նպատակով: Գումարների մեծ մասը փոխանցել են Հայաստանցի գործարարները:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ներկա պահին քեսաբահայերի օգնության ֆոնդին փոխանցված գումարների չափը. 12 մլն ՀՀ դրամ, 378 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար ռուբլի, 5 հազար եվրո:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության գրասենյակի ղեկավար Արամ Խաչատրյանը ներկայացրեց սիրիահայերի աջակցությանն ուղղված աշխատանքները: Կատարվել է սիրիահայերի փետրվար, մարտ, ապրիլ ամիսների բնակվարձերի և կոմունալ ծախսերի փոխհատուցում, առաջիկայում ևս նախատեսվում է հաջորդ երեք ամիսների վարձավճարների փոխհատուցում: Կատարվել է նաև 100 ընտանիքի բնակարանային վարձավճարի փոխհատուցում՝ 50 հազար դրամի չափով: Օգնության նպատակով ընտրվում են սոցիալապես անապահով, եկամտից զուրկ կամ նվազագույն եկամուտ ունեցող ընտանիքներ, ծերեր, բազմանդամ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք:
Հայ օգնության միության կատարած աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց ՀՕՄ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Նարինե Գալստյանը: Նա նշեց, որ 2014թ. ընթացքում Հայ օգնության միությունը 125 հազար դոլար է ուղարկել Սիրիա՝ սիրիահայերի կարիքները հոգալու համար, որից 75 հազար դոլարը տրամադրվել է հայկական վարժարանների ֆոնդին՝ նրանց գործունեությունը շարունակելու նպատակով:« Տաքուկ բնակարան» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել182 ընտանիքի:

Ամփոփելով նիստը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ճգնաժամը Սիրիայում գնալով խորանում է, և մենք պետք է պատրաստ լինենք ընդունել հայրենիք վերադարձող սիրիահայերի նոր հոսքի: Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նախարարը կարևորեց արտակարգ իրավիճակում հայկական սփյուռքին օգնության կազմակերպման ռազմավարության մշակումը:

Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031