Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվեց «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադան անցկացվել է 2 փուլով: Հանրապետական օլիմպիադային մասնակցում էին մարզերում անցկացված մրցումներում հաղթող ճանաչված կրթօջախների աշակերտները, ովքեր երեք օր շարունակ զինվորի առօրյայով ապրեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը:
Պատանիների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստվածությանն անձամբ ծանոթանալու և անցկացվող մրցումներին հետևելու նպատակով մայիսի 7-ին ռազմական ինստիտուտ այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու կարևորությունը, հավաստիացրեց, որ հպարտ է նման պատանիներով, քանի որ նրանք են զինված ուժերի ապագա զինվորներն ու հայրենիքի սահմաններն անառիկ պահողները:
Կարդացեք նաև
Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ մրցանակների արժանացան անցկացված մրցումների արդյունքներով լավագույն ճանաչված թիմերը: Թիմային ընդհանուր հաշվարկով Տավուշի և Լոռիի մարզերի հավաքականները զբաղեցրեցին համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Առաջին տեղը զբաղեցրեց Արցախի թիմը, որը, ի դեպ, արդեն երկրորդ տարին է, ինչ հաղթող է ճանաչվում առարկայական օլիմպիադայում:
Պաշտպանության նախարարի կողմից պատվոգրերի և հուշանվերների արժանացան նաև օլիմպիադայի ընթացքում լավ արդյունքներ արձանագրած մի շարք դպրոցների զինղեկեր ու աշակերտներ: