Մի քանի օր է` Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները փորձարկումներ են կատարում` մանրակրկիտ նախապատրաստվելով մայիսի 9-ին Գյումրիում անցկացվելիք ռազմական զորահանդեսին : Նախապատրաստական աշխատանքներից արդեն հայտնի է, որ այն սովորական շքերթ չի լինելու, բարձրաստիճան պաշտոնյաներ են մասնակցելու:
Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը տեղեկացրեց, որ զորահանդեսը հայ-ռուսական կողմերի համատեղ միջոցառումն է:
Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կտա այն Գյումրիին և ո՞ւմ են պատրաստվում հյուրընկալել թե ռուս, և թե հայ բարձրաստիճան պաշտոնյաներից: «Քաղաքապետարանը նման տեղեկություն չունի, թե ովքեր են գալու ՌԴ-ից , մենք ընդամենը աջակցում ենք միջոցառման հավուր պատշաճի անցկացմանը մեր մասով, որքանով որ մենք կարողանանք, մնացած մասով համապատասխան գերատեսչությունները կարող են ասել: Նորից եմ կրկնում՝ կազմակերպիչը քաղաքապետարանը չէ, մենք աջակցողի դերում ենք, իսկ կազմակերպիչը ՀՀ պաշտպանության նախարարությունն է ռուսական կողմի հետ համատեղ: Թե ինչ հյուրեր կլինեն հայկական կողմից, այդ մասին դեռևս այս պահին տեղեկություն չկա, պարզապես կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր միջոցառում կլինի Գյումրու համար: Որքանով որ ես տեղյակ եմ, վերջին անգամ Գյումրիում զորահանդես եղել է 1993 թվականին, եղել է Գյումրիից հեռացող ռուսական զորքի զորահանդես: Նման մասշտաբի, նման կազմակերպվածությամբ զորահանդես չի եղել Գյումրիում: Մայիսի 9-ը ոչ մի ազգ իրավունք չունի սեփականաշնորհվելու, սա նաև մեր ժողովրդի հաղթանակն է ֆաշիզմի դեմ: Մոտ 600 հազար մասնակիցներ ենք ունեցել, կեսը չվերադարձան, սա նաև հայ ժողովրդի հաղթանակն է, և ոչ միայն այն հայ զավակների, ովքեր կռվում էին Խորհրդային միության կազմում, այլ նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի բանակներում կռվող հայերի, որոնք պայքարում էին ֆաշիզմի դեմ: Հայ ժողովուրդը ունեցել է հսկայական կորուստներ, իր ներդրումը , սա մեր հաղթանակն է»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե ցուցադրվող ռազմական տեխնիկան` տանկերը, զրահապատ մեքենաները չե՞ն վնասի, չե՞ն քանդի արդյոք Գյումրու փողոցների ասֆալտը, մեր զրուցակիցն ասաց. «Իհարկե չեն վնասի, հաշվարկներ ու փորձագիտական եզրակացություններ կան: Հաճախ ուղղակի կարելի է զարմանալ, թե ինչու գյումրեցի երեխաները չպետք է տեսնեն զորահանդեսներ էս քաղաքում, պետք է տեսնի Ստեփանակերտի երեխան, պետք է տեսնի Երևանի երեխան, սա սխալ մոտեցում է, զորահանդես անցկացնելը քաղաքին հաղորդում է շքեղություն»:
Իսկ ինչո՞ւ մաքսային միությանն անդամակցելուն ընդառաջ Գյումրիում նոր հիշեցին նման զորահանդեսներ կազմակերպելու մասին : «Դա որևէ կապ չունի մաքսային միությանն ընդառաջ, հինգ տարի առաջ էլ կային այդ ստորաբաժանումներ, հիմա էլ են կան, 5 տարի առաջ էլ գործում էր հայ-ռուսական համաձայնագիրը, հիմա էլ է գործում , ուղղակի սա գեղեցիկ տոն է, որը Գյումրին կդարձնի ավելի գրավիչ: Քաղաքական որևէ ենթատեքստ չեմ կարծում, որ կա ու կարելի է տեսնել»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ կտա զորահանդեսը Գյումրիին տուրիզմի զարգացման առումով, ունե՞ն նման տեղեկության, որ ասենք զորահանդեսին ընդառաջ հյուրեր են եկել ու հյուրանոցներ են վարձել Գյումրիում, Զոհրապ Եգանյանը պատասխանեց. «Կոնկրետ պաշտոնական ուսումնասիրություններ էս պահին չկան, բայց 3 օր առաջ այցելել եմ սովորական գնումների համար խանութներ և չիմանալով, թե ինչ է սպասվում Գյումրիում, մարդիկ ասում են, թե դրսից մարդիկ կան, եկան, լավ առևտուր արեցին, բայց պաշտոնապես, թե ինչքան մարդիկ են եկել, չեմ կարող ասել»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
էս տղեն մամուլի քարտուղար չի այլ դիվանագետ է
Հրաշալի միջոցառում է: Շնորհակալություն կազմակերպիչներին: Շնորհավորում եմ բոլոր վետերաններին ու խոնարհվում եմ բոլոր զոհվածների շիրիմին: Շնորհակալություն Հաղթանակի համար մեր հայրերին ու պապերին:
Շնորհավորում եմ բոլորիս, առաջին հերթին վետերաններին, շքերթի մասնակիցներին ու կազմակերպիչներին, հավերժ փառք նահատակներին: Իմ կարծիքով տեղին չէ այն հարցը, թե ինչ կտա զորահանդեսը Գյումրիին, առավել ևս տուրիզմի զարգացման առումով: