Այս տարվա ապրիլի 3-ին կառավարության որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ՀՀ Սահմանադրական դատարանի` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին վերաբերող որոշումից բխող անհրաժեշտ աշխատանքներ աներ եւ ՍԴ-ի որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումները հաշվի առնելով հնարավորին սեղմ ժամկետում շրջանառության մեջ դնի համապատասխան օրենքների նախագծերի փաթեթ` այն ներկայացնելով հանրային քննարկման: Ընդ որում, մինչեւ այս տարվա մայիսի 15-ը կառավարության քննարկմանը պետք է ներկայացվի այդ օրենսդրական փաթեթը:
Հաշվի առնելով, որ մայիսի 5-ին մնացել է մի քանի օր, Aravot.am-ը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացքում է աշխատանքային խմբի գործունեությունը եւ արդյոք պատրաստ է կառավարություն ներկայացվելիք օրենսդրական փաթեթը: Մենք մասնավորապես հետաքրքրվել էինք, թե փաթեթում հատկապես ի՞նչ նորմեր են ներառվել, որոնք պետք է բխեն ՍԴ-ի որոշումից:
Ճիշտ է, նախարարությունն անմիջապես արձագանքեց մեր հարցմանը, սակայն, ըստ էության, երկար պատասխանում մեզ հետաքրքրող հարցերի պատասխանն այդպես էլ չկա, այսինքն` թե ի՞նչ նորմեր են ներառվել փաթեթում:
Նախարարության պաշտոնական պատասխանում նորից հիշեցվել է, որ Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանն առնչվող առկա խնդիրները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ 2014 թվականի ապրիլի 17-ին կայացած խորհրդակցությունում քննարկելուց հետո որոշվեց 3-օրյա ժամկետում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով, մինչեւ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2 ի որոշումից բխող` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթը ՀՀ Ազգային ժողովում ընդունելը, կկասեցվի տույժերի հաշվարկը:
Կարդացեք նաև
«ՀՀ կառավարության ապրիլի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ կառավարության առաջարկությամբ նախագիծը կքննարկվի ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող չորսօրյա նիստերի ընթացքում: Խնդրին ամբողջական լուծում տալու նպատակով, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ՀՀ Սահմանադրությանը հակասող որոշ դրույթներ ՀՀ սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Աշխատանքային խումբը Հայաuտանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացնի օրենսդրական փաթեթ, որը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքներ կներառի այն նորմերը, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման մեջ:
Ցանկության դեպքում կարող եք մասնակցել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծի մշակման աշխատանքներին` Ձեր առաջարկությունները ներկայացնելով կամ ՀՀ կառավարություն, կամ ՀՀ ֆինանսների նախարարություն, կամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն»,-գրված է նախարարության պատասխանում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ