Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միկոյանի արձանը դնելով՝ Խորհրդային միության արձանն ենք դնում». Դավիթ Գասպարյան

Մայիս 07,2014 18:12

 

Անաստաս Միկոյանի արձանը մայրաքաղաքում տեղադրելու՝ Երևան քաղաքի ավագանու որոշումը միանշանակ չեն ընդունում մտավորականները:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը (լուսանկարում՝ աջից), օրինակ, զարմացած է, որ այդ հարցն այսօր այսպես ակտիվորեն է քննարկվում. «Մի՞թե մենք ավելի առաջնային, կարևոր հոգսեր ու խնդիրներ չունենք, որ այսքան բուռն կերպով քննարկում ենք՝ դնե՞լ Միկոյանի արձանը թե՞ ոչ», – հարցնում է գրականագետը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ դեմ է Երևանում Միկոյանի արձանի տեղադրմանը և հավելեց. «Միկոյանի արձանը Հայաստանում կա, Եղեգնաձոր քաղաքի կենտրոնում է դրված նրա արձանը, որովհետև Եղեգնաձորի շրջանը նախկինում կոչվում էր Միկոյանի շրջան: Ես առաջարկում եմ խնամել և պահպանել այդ արձանը, իսկ Երևանում դնել Միկոյանի արձանը՝ նշանակում է Խորհրդային միության արձանը դնել: Միկոյանի ամբողջ կյանքը Խորհրդային միության պատմությունն է՝ իր լավ և վատ կողմերով»:

Դ. Գասպարյանն ասում է, որ եթե ուզում են Միկոյանի արձանն անպատճառ կանգնեցնել, ապա դա կարող են անել եկող տարի, երբ լրանում է Միկոյանի ծննդյան 120-ամյակը, և նրա արձանը տեղադրեն իր ծննդավայրում՝ Սանահին գյուղում: Իսկ Երևանում կարելի է նրա անունով փողոց կոչել, եթե չկա այդպիսին:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն այլ կարծիքի է. «Մենք՝ հայերս, սովոր ենք միայն վատը տեսնելու, ինչո՞ւ մենք լույսը չենք տեսնում, ինչո՞ւ ենք միայն ստվերը տեսնում: Միկոյանը հզոր պետական գործիչ էր: Պարզապես, մեծ ափսեի մեջ նա էլ էր խճճվել: Ի վերջո, Ստալինի հետ հեշտ չէր աշխատել: Շատերն էին տարբեր խարդավանքների զոհ դառնում»,- ընդգծեց քանդակագործը և հասարակության տարբեր շերտերի մեջ Միկոյանի հանդեպ ձևավորված բացասական վերաբերմունքը «մեղմելու» համար մի դեպք հիշեց. «Միկոյանը Գրիգոր Հարությունյանին կանչում է իր մոտ և պատվիրում, որ շատ արագ բոլոր եկեղեցիները դարձնեն պահեստներ, որպեսզի դրանք անցնեն պետությանը, և ձեռք չտան դրանց: Միկոյանը այդպիսով փրկել է բոլոր եկեղեցիները»:

Ֆ. Առաքելյանը կարծում է, որ արձանի տեղադրման հարցը պետք է դրվի խորը քննարկման, որտեղ պատմաբաններն իրենց փաստարկները կբերեն. «Բայց չի կարելի այդպես միանշանակ ասել՝ ոչ, ինչպե՞ս կարելի է»,- հավելեց նա:

Դ. Գասպարյանն էլ ի պատասխան ասաց, որ կասկածից վեր է Միկոյանի՝ խորհրդային տարիների խոշորագույն պետական գործիչ լինելու հանգամանքը, և  ոչ ոք դա չի վիճարկում,  բայց, ըստ գրականագետի, արձանի տեղադրումը վերադարձ է անցյալ, որից ուզում ենք ազատվել. «Ասածս այն է,- մանրամասնեց Դ. Գասպարյանը,- որ Միկոյանի կերպարը շատ է ձուլված Խորհրդային երկրի պատմությանը, և եթե մենք դնում ենք Միկոյանի արձանը, նշանակում է՝ դնում ենք Խորհրդային միության արձանը, որի կարիքը, կարծում եմ, չկա»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031