Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հարկային համակարգը` հասարակության գնահատմամբ

Մայիս 07,2014 17:11

ԱՄՆ ՄԶԳ հետազոտությունը կնպաստի հարկային բարեփոխումների արդյունավետությանը

Հայաստանի քաղաքացիները գնահատել են երկրի հարկային համակարգը. հետազոտությունն իրականացվել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ» ծրագրով` ԱՄՆ ՄԶԳ Հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակում: Մայիսի 7-ին արդյունքների ամփոփման ժամանակ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նկատել է, որ հարկային համակարգի հետագա բարեփոխումներն ուղղվելու են հետևյալ կարևոր հարցերի կարգավորմանը. հարկերի վճարումը դարձնել ավելի պարզ և պակաս ժամանակատար` միաժամանակ ապահովելով համակարգի կայունությունը և հարկման արդարության սկզբունքները: ՀՀ ֆինանսների նախարարը նշել է, որ թվարկված ուղղություններով բարեփոխումներն արտացոլվելու են առաջիկայում մշակվելիք հարկային օրենսգրքում: Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ, արդեն իսկ իր հանձնարարականով մեկնարկել է աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը, որտեղ կընդգրկվեն հասարակական կազմակերպություններ, շահագրգիռ մարմիններ և տնտեսագետներ, նախատեսվում է համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվող առաջարկությունները մատչելի դարձնել նաև հանրության լայն շրջանակների համար: «Հարկային դաշտի կարգավորման գործընթացներում մենք մեծապես կարևորում ենք հասարակության կարծիքը, հետազոտության արդյունքներն ունեն գործուն նշանակություն և տեղ կգտնեն մեր բարեփոխումների ծրագրում»,-ընդգծել է ֆինանսների նախարարը:

«Հարկային ընկալումներ» խորագրով հետազոտությունն իրականացվել է Հայաստանի 1448 տնային տնտեսությունների, 400 կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների շրջանում` նպատակ ունենալով հստակեցնել Հայաստանում հարկային օրինապահության, հարկային քաղաքականության արդյունավետության ու քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների, ինչպես նաև հարկային մարմինների ու հարկ վճարողների միջև հաղորդակցության վերաբերյալ հասարակության գնահատականը: Հարցվածների շուրջ 50%-ը պատրաստակամություն է հայտնել վճարել հարկերը, եթե գործընթացը լինի հեշտ և քիչ ժամանակատար: Մեկ այլ հարցմամբ 60%-ը նշել է, որ ինքնուրույն կվճարի հարկերը, եթե վստահություն ունենա դրանց արդարացի բաշխման հարցում:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ օգտագործված տեղեկատվության ծավալով և ընդգրկունությամբ նման հետազոտություն առաջին անգամ է իրականացվում Հայաստանում. «Այն հնարավորություն է տալիս գտնել գործարար դաշտին հուզող հիմնախնդիրները, բարձրացնել նրանց մատուցվող ծառայությունների որակը և հարկային համակարգի կատարելագործման նոր ուղղություններ սահմանել: Միևնույն ժամանակ սա գործարար դաշտի գնահատականն է` մեր աշխատանքին»: Գ. Խաչատրյանն ուրախալի է համարել այն փաստը, որ հարցմանը մասնակցած գործարարները, որպես հարկային համակարգի և օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկավտության հիմնական աղբյուր, նշել են հարկային մարմինները, այդ թվում` պաշտոնական կայքը և նորաստեղծ սպասարկման կենտրոնները: Բարձր է գնահատվել նաև օրինապահ հարկ վճարողների նորաստեղծ ինստիտուտը, ինչպես նաև կայքի միջոցով առաջարկությունների քննարկման հնարավորությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ու էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացման ուղղությամբ հարկային մարմնի իրականացրած բազմաթիվ այլ աշխատանքները:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդի գնահատմամբ, իրականացված հետազոտությունը կարևոր դեր կխաղա պետություն-մասնավոր հատված երկխոսության խթանման, հարկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման և կամավոր օրինապահության մշակույթը խրախուսելու գործում: «ՄԶԳ-ն կշարունակի աջակցել ՀՀ հարկային համակարգի թափանցիկության և արդյունավետության բարելավման աշխատանքներին: Հուսով ենք, որ հետազոտությունը կկատարվի ամեն տարի` արձանագրելու համար համակարգի առաջընթացը»,-նշել է Ք. Հիլիարդը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031