Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռադիոն դարձել է զվարճանքի լրատվամիջոց». Սարգիս Նաջարյան

Մայիս 07,2014 17:12

Այսօր ռադիոյի միջազգային օրն է:

«Ռադիոն կարուսելի նման պտտվող մի լրատվամիջոց է, որը երբեք կանգ չի առնում: Այն միշտ եղել է և կլինի»,- ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանի խոսքերն են:

Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հայկական ռադիոյի զարգացումների և բացթողումների մասին. «Ժամանակակից ռադիոյի որոշակի առաջխաղացումը մատնանշելով հանդերձ՝ չեմ կարող չնշել նաև թերությունների մասին: Ռադիոն դարձել է զվարճանքի լրատվամիջոց: 44 տարի լինելով ռադիոյում՝ ես՝ որպես արդեն պրոֆեսիոնալ աշխատող, կցանկանայի, որ ռադիոն իր առաքելությունը կամաց-կամաց չզիջեր զվարճալի, «տաշ-տուշի» երգերին և անկապ-անիմաստ հաղորդումներին: Ռադիոն նաև դաստիարակության միջոց է: Դա չպետք է մոռանալ, և ռադիո լսում են ոչ միայն երիտասարդներն ու տարեցները, այլև երեխաները»:

Պարոն Նաջարյանի համոզմամբ՝ ռադիոյի՝ «զվարճանքի լրատվամիջոց» դառնալու գլխավոր պատճառներից մեկը «լրատվամիջոցների ազատություն» հասկացության ոչ ճիշտ ընկալումն է. «Ես շատ ուրախ եմ, որ ապրում եմ ազատ երկրում, և երևի թե շատերն են ուրախ, բայց ի՞նչ է ազատությունը, ի՞նչ է լրատվամիջոցների ազատությունը, և, ընդհանրապես, մենք կարողանո՞ւմ ենք ճիշտ օգտագործել այդ ազատությունը,- հարցնում է նա:- Եթե մենք մեր տանը ազատ ենք, դա չի նշանակում, որ եթերում կարող ենք շատ ազատ լինել: Այդ ազատությունը բերեց հասցրեց նրան, որ որոշ ռադիոալիքներ և հեռուստաալիքներ շեշտը դնում են միայն զվարճալի, «կերուխումային» երաժշտության վրա»:

Ս. Նաջարյանը գտնում է, որ հատկապես լրատվամիջոցների ղեկավարները պիտի մտածեն սրա մասին, բայցև կարևորում է պետական միջամտությունը. «Հիմա որ հետադարձ հայացք նետելով անցյալին՝ ասեմ, որ մենք ունեցել ենք հսկողական մի ինստիտուտ, որն ընդհանրապես թույլ չէր տալիս անճաշակ, անգրագետ տեքստեր, երգեր, երաժշտություն տալ հեռուստատեսությամբ և ռադիոյով, կասեք՝ Նաջարյանը նորից նոստալգիկ վիճակի մեջ է: Ո´չ: Բոլոր ժամանակներում պիտի լինի անտեսանելի մի ձեռք, որը կարողանա ասել՝ ազգի, երիտասարդության դաստիարակությունը չվնասելու համար այսպես կամ այնպես պիտի լինի»,- ընդգծեց բանախոսը:

Նա ցավով նկատեց, որ տարբեր բուհերում աշխատելու ընթացքում համոզվել է, որ շատ երիտասարդներ պարզապես ժամանակ անցկացնելու համար են գնում բուհ, և ավարտելուց հետո էլ հանկարծ հայտնվում են ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում. «Ապա ուշադրություն դարձրեք, թե բուհերի առջև կանգնած աղջիկներն ու տղաները ինչով են զբաղված: Վատ բան չեմ ուզում ասել, բայց նրանք այդ ժամին դասի պիտի լինեին,- ասում է Ս. Նաջարյանը,- և այդ շրջանավարտները գալիս են հեռուստատեսության, ռադիոյի և այլ բնագավառներ ու չեն կարողանում անգամ դիմում գրել: Հետո հանկարծ այդ մարդկանց երեսուն րոպե կենդանի եթեր են տալիս: Իսկ եթե վերլուծական հայացք նետելու լինենք նրանց կատարած աշխատանքին, կտեսնենք, որ նորմալ (չեմ ասում՝ գրագետ) հայերենով նույնիսկ մեկ նախադասություն չեն ասում եթերում: Այդ պատճառով էլ անհրաժեշտ են տեսանելի և ոչ տեսանելի ձեռքեր, հսկող օղակներ այս ոլորտներում, որպեսզի, մեր ազգային արժեքները թողած, մարդիկ առավոտից երեկո չգիտես ինչեր չհաղորդեն, չգիտես ինչ երգեր չլսեն և հաճոյանալու համար չպատմեն, թե ով այդ պահին իր տանն ինչ է անում և ինչ երաժշտություն է լսում: Սա ռադիոյի աշխատանքը, առաքելությունը չէ»:

Պարոն Նաջարյանը վստահեցրեց, որ ինքը բոլորովին էլ հոռետես չէ և շատ լավ տեսնում է, որ քիչ չեն նաև խելացի երիտասարդները, որոնք կարող են և´ ռադիոյում, և´ հետուստատեսությունում աշխատել, բայց աշխատանք դեռ չունեն. «Սա էլ է խնդիր, ափսոս են նրանք, նրանց պետք է ճանապարհ տալ: Օրինակ՝ հազարավոր ուսանողներ են սովորում-ավարտում բանասիրական ֆակուլտետը: Որտե՞ղ են աշխատում նրանք՝ գրադարաններո՞ւմ, խանութներո՞ւմ: Ինչո՞ւ, բա ինչո՞ւ են սովորում նրանք»,- վրդովվում է ՀՀ վաստակավոր արտիստը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031