ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2014-2019 թվականներին հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման նոր ռազմավարության ընդունմանը, նշեց, որ այս փաստաթղթի միջոցով հնարավոր կլինի հետագայում պաշտպանել եւ բարելավել հոգեկան խնդիրներ ունեցողների իրավունքները. «Հոգեկան առողջությունը մեծ նշանակություն ունի առողջ եւ բարեկեցիկ հասարակության համար։ Փաստաթղթում ամրագրված է, որ այն ընդգծում է համայնքային կենտրոնների դերը հոգեբուժական ապահովման գործում եւ ապահովելով հոգեկան հիվանդություններ ունեցողների իրավունքները, նրանք կկարողանան ապրել ոչ թե հոգեբուժական հիվանդանոցներում, այլ հնարավորինս ինտեգրվել հսսարակության մեջ»:
Ս. Քրմոյանը տեղեկացրեց, որ առաջին հերթին բարեփոխումներ են իրականացվելու կառուցվածքային հոգեբուժության օգնության ոլորտում. « Շեշտադրելու ենք հիվանդությունների կանխարգելումը եւ արտահիվանդանոցային ոլորտների կարգավորումը: Խնդիր ունենք նաեւ բուժհիմնարկներում հիվանդների նկատմամբ բարյացակամ եւ հոգատար վերաբերմունք ձեւավորել»:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն էլ համոզմունք հայտնեց, որ 2019 թվականին Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում կլինի այնպիսի իրավիճակ, որը բոլորը ակնկալում էին տարիների ընթացքում: Նա նշեց, որ այս տարիների ընթացքում ոլորտի հետ կապված պետք է կարգավորել ֆինանսավորման հարցերը, հասարակության վերաբերմունքը նման հիվանդություններ ունեցող մարդկանց նկատմամբ. «Անհրաժեշտ է լուծել կրթության, սարքավորումների, մասնագետների սակավության հետ կապված խնդիրները»:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար, հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ , տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանի կարծիքով այս ռազմավարության շնորհիվ հաշվի է առնվում սոցիալականացման ֆակտորը. « Հիվանդը պետք է ոչ թե մեկուսանա հասարակությունից, այլ պետք է ներառվի սոցիալական հասարակության մեջ: Սոցիալական հարցերի նախարարությունը առաջին հերթին կարեւորում է անձի սոցիալ-հոգեբանական վերականգնումը»:
Կարդացեք նաև
Հոգեկան առողջության գծով միջազգային փորձագետ ժոլտ Բուգարսկին էլ իր խուսքում նշեց, որ Հայաստանում մեծ առաջընթաց է գրանցվել ոլորտի կազմակերպման գործընթացում: «Մեծ հաջողություն եմ համարում այն, որ պետական կառույցները, հասարակական եւ միջազգային կազմակերպությունները կարողացել են մավորվել եւ ծրագիր մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների բուժման համար»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ