Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Խեչանյան. «2016 թվականի օլիմպիական խաղերում հանդես կգանք տղաների եւ աղջիկների ամբողջական ուժեղ թիմերով»

Մայիս 07,2014 16:33

«Այսօրվա մեր երիտասարդ ու պատանի ծանրորդները մեր վաղվա օրն են: Կարծում եմ, վատ հերթափոխ չի աճում: Կարեւոր է, որպեսզի միմյանց միջեւ մրցակցություն լինի: Այսօր մեր պատանիների ու երիտասարդների մեջ քաշային կարգեր կան, որ հենց այդպես է: Անփոխարինելի մարզիկ չկա: Բոլորն էլ մեզ համար հավասար են: Դրա համար էլ նրանցից յուրաքանչյուրը պայքարում է առաջինը լինելու եւ հավաքականում տեղ ունենալու համար: Հավատում եւ վստահ եմ, որ մեր այսօրվա պատանիներից ու երիտասարդներից ոմանք կմիանան մեծահասակներին ու կմասնակցեն 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին, որը այս ցիկլում մեր գլխավոր նշանակետն է: Բայց ոչ սոսկ մասնակցելու համար: Մենք հույս ունենք, որ Ռիո դե Ժանեյրո կմեկնենք տղաների եւ աղջիկների ամբողջական հավաքականներով ու լուրջ մրցակից կլինենք բոլորի համար: Բայց մինչ այդ, դեռ աշխարհի առաջնությունն է, որտեղ մեդալներից զատ խաղարկվում են նաեւ օլիմպիական միավորներ: Ի՞նչ նպատակներ կդնենք աշխարհի առաջնությունում` մեդալնե՞ր, թե՞ առավելագույն չափով օլիմպիական ուղեգրեր: Դեռ վաղ է այդ մասին խոսել», – Aravot.am-ին ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը

Խոսելով մեր ճանաչված ծանրորդների մարզավիճակի մասին` ֆեդերացիայի փոխնախագահը ավելացրեց. «Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը, Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Մելինե Դալուզյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ մյուսները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը: Ովքեր լուրջ վնասվածքներ ունեին, մեր ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ վիրահատվել կամ բուժվել են եվրոպական առաջատար կլինիկաներում ու հիմա էլ շարունակում են վերականգնվել եւ մարզվել»:
Հարցին, թե ինչպե՞ս է ընթանում խթանիչների դեմ պայքարը, պարոն Խեչանյանը պատասխանեց. «Խնդիրը շատ խիստ է դրված: Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ֆեդերացիայի լրացված կանոնադրությունը: Բոլորն էլ նախազգուշացված են, որ խթանիչների օգտագործման դեպքում պատիժները խիստ են լինելու: Գիտակցում են, որ իրենք առաջին հերթին ներկայացնում են երկրի դեմքը, այնուհետեւ` ֆեդերացիայի ու միայն վերջում` իրենց: Մեզ «կեղտոտ» մարզիկներ կամ մարզիչներ պետք չեն: Բացի դա, ֆեդերացիան հիմա նրանց համար ստեղծել է այնպիսի պայմաններ, որ դոպինգ օգտագործելը, բռնվելը եւ այդ պայմաններից զրկվելը ոչ ոքի ձեռնտու չէ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031