Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը նախազգուշացնո՞ւմ է, ՀՀԿ-ն էլ` վստահեցնո՞ւմ

Մայիս 07,2014 16:12

 

« ՀՀԿ-ն վստահ է իր վրա, ԲՀԿ-ն` իր վրա»,-Aravot.am-ի հարցին` որտեղի՞ց ԲՀԿ-ին նման վստահություն, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե «Առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը» , այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նա, մեկնաբանելով, շարունակեց. «ՀՀԿ-ն ասում է, որ հաջորդ ընտրություններում վճռորոշ դերակատարություն կունենա,  վստահ ենք մեր և մեր ժողովրդի վրա, որ մեր կատարած աշխատանքների համար`բացթողումներով հանդերձ, կունենանք մեր համապատասխան գնահատականը և  կստանանք  առավելագույն ձայներ: Գագիկ Ծառուկյանն էլ ասել է, որ իրենք են ունենալու հաղթանակ: Դրա տակ պետք չէ երկիմաստ բաներ ման գալ»:

Մեր հարցին` դա արդյոք նախազգուշացում չէ՞ այն մասին, որ քառյակն այնքան է ուժեղանալու, որ հաղթանակ տանի, պարոն Այվազյանն արձագանքեց. «Դա շատ նորմալ է, երբ քաղաքական դաշտում գոյություն ունի քաղաքական երկխոսություն, և քաղաքական որոշումներն ու քաղաքական կոնյուկտուրան որոշվում է քաղաքական ջրբաժանների, ոչ թե կառավարություն և քաղաքական ուժեր շրջանակներում: Անգլիայում ասում են` նորին գերազանցություն փոքրամասնությունը: Եթե փոքրամասնությունն ուժեղ է, քաղաքական մեծամասնությունն ավելի զգոն է, բայց չպետք է առաջնորդվել ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով»:

Վարդան Այվազյանը վստահեցրեց, թե «Այնպես չէ, որ մենք` ընդդիմություն և իշխանություն, իրար նկատմամբ թշմանի ենք»:

Մեր հարցին` այնուամենայնիվ, ԲՀԿ-ին կհաջողվի՞ հաղթանակի հասնել` շրջանցելով Մելիք-Ադամյան փողոցը, պարոն Այվազյանն այսպես պատասխանեց. «Այդ հարցը տվեք Գագիկ Ծառուկյանին: Մենք ՀՀԿ-ականներով ամեն ինչ պիտի անենք և դրա բոլոր նախադրյալները կան,  որ ՀՀԿ-ն 2017-ի և 2018-ի ընտրություններում ունենա մեծամասնություն: Դա ցանկացած կուսակցության խնդիրն է, եթե ինքը մտնում է քաղաքական պայքարի մեջ: Կներեք, լուրջ քաղաքական կշիռ չունեցող ուժերն են նույնիսկ հայտարարում, թե մեծամասնություն են դառնալու»: Հարցազրույցին կողքից միջամտեց «Ժառանգություն»  կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` նշելով, թե «ձեռքով մեզ ցույց չտաք»: Վարդան Այվազյանն էլ, թե` «ո՞նց կարող ենք ձեզ…»:

Մեր հարցին` իրականում այդ ո՞ւմ նկատի ունի, պարոն Այվազյանը պատասխանեց ծիծաղով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031