Նախորդ տարվա ապրիլի 1-ի համեմատ, Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազել է 15 100 մարդով. 2014 թվականի ապրիլի 1-ին մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 միլիոն 12 հազար 900 մարդ, իսկ 2013 թվականին` 3 միլիոն 28 հազար: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա ներկայացմամբ` ուղեւորափոխադրումների այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` 31 834 մարդ մեկնել է Հայաստանից, իսկ մուտք է գործել 28 744 մարդ: Տիկին Կույումջյանի խոսքերով, դեռ վաղ է ասել, թե մեկնողները վերջնական են մեկնել, այսինքն, այդ մասին հստակ ցուցանիշ միայն տարեվերջին կլինի:
Aravot.am-ի հարցին, թե 10 տարիների ընթացքում ամենաշատը ո՞ր թվականին են անվերադարձ մեկնել Հայաստանից, տիկին Կույումջյանը դժվարացավ ասել, քանի որ վերջին մարդահամարը ցույց տվեց, որ շուրջ 200 հազարի տարբերություն կա բնակչության արձանագրված տվյալների եւ ընթացիկ հաշվառման տվյալների միջեւ, իսկ այս տարբերությունը ձեւավորվել է 10 տարիների ընթացքում. հիմա հաշվարկի որոշ մեթոդներ են փոփոխվել եւ ամբողջական տվյալներ դեռ չկան:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
2014 թվականի առաջին եռամսյակում, ինչպես ասաց տիկին Կույումջյանը, ծնելիությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,2%-ով, իսկ մահացությունը՝ 7, 7%-ով .«Ծնվածների եւ մահացածների տարբերությունը, որը բնական հավելաճն է, այսինքն, բնական ճանապարհով աճը բնակչության թվաքանակի աճը առաջին եռամսյակում 1691 մարդ է, իսկ անցյալ տարի այս ցուցանիշը եղել է 2061»:
ԱՎԾ-ի ներկայացուցչի խոսքերով` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս եռամսյակում աճել է ամուսնությունների թիվը 3, 3%-ով, այսինքն, այս տարի պաշտոնապես ամուսնություն է գրանցվել 4744 զույգի, իսկ ամուսնալուծությունները 34, 9%-ով է աճել` 1210 ամուսնալուծության դեպք է գրանցվել. «Ընդհանուր յուրաքանչյուր 1000 ամուսնությունների համար գրանցված ամուսնալուծությունների դեպքերը կազմել են 255, նախորդ տարի եղել է 195 ամուսնալուծություն»:
Aravot.am-ի այն հարցին, թե ավելի շատ ո՞ր տարիքի անձինք են ամուսնալուծվում, տիկին Կույումջյանն ասաց, որ հիմնականում երկար ժամանակ ամուսնացած զույգերն են ամուսնալուծվում. «20 եւ ավելի տարիների համատեղ կյանքից հետո ամուսնալուծվածներն են շատ լինում, հետո հաջորդում է 1-4 տարի ամուսնացածների ամուսնալուծությունը»: Ընդ որում, մասնագետի ներկայացմամբ` ամուսնալուծությունների թիվը վերջին տասնամյակում ավելանում է. 1999-2000 թվականներին 1000 բնակչից նույնիսկ 1 ամուսնալուծություն չէր գրանցվում, իսկ հիմա 1000 բնակչի հաշվով 1-ից անցնում է ամուսնալուծության թիվը.«Բայց սա բարձր ցուցանիշ չի համարվում»:
Տիկին Կույումջյանի խոսքերով` նվազել են երիտասարդ մահացության դեպքերը, չնայած, Հայաստանում ժողովրդագրական ծերացման գործընթաց է սկսվել, եւ ծերերի թվաքանակն ավելին է, իսկ ծնելիությունը նվազում է:
Ընդ որում, ավելի շատ տղաներ են ծնվում` 100 աղջկա համեմատ 115 տղա է ծնվում, կենսաբանորեն այս ցուցանիշը, ըստ Կույումջյանի, պետք է լինի 100 աղջկան` 106 տղա:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ