Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը` գնահատելով օրերս Լեհաստանում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր երկու հավաքականների մասնակցությունը:
«Չեխանով քաղաքում մեր տղաները նվաճեցին 2 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Փաստացի բոլոր քաշային կարգերում, որտեղ հանդես եկան մեր պատանիները, մրցանակային տեղ ունեցանք: Սա մեզ համար նորություն չէ. անցած տարի մեր տղաների հավաքականը նույն արդյունքները ցույց տվեց, բայց ավելի լավ ձեւով: Եթե 2013 թվականին պատանիների հավաքականը թիմային պայքարում հաղթել էր, այս անգամ զբաղեցրեց 2-րդ տեղը` զիջելով միայն Ռուսաստանին: Եվ այս համեմատության մեջ է, որ այս տարվա թիմային մրցելույթը ֆեդերացիային չի գոհացնում, թեեւ ունեցանք երկու չեմպիոն, մեկ` արծաթե եւ երեք բրոնզե մեդալակիր, սահմանվեցին աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներ: Բայց ճիշտ հասկացեք. չի գոհացնում միայն այն պատճառով, որ կարող էին ավելին անել, իսկ տղաների մրցելույթներն ընդհանուր առմամբ շատ լավն էին:
Ինչ վերաբերում է աղջիկներին, նրանք, թեկուզ մեդալների չարժանացան, բայց արդյունքներից գոհ եմ: Նրանց առջեւ մեդալ նվաճելու խնդիր դրված չէր, այլ պահանջվում էր այս ամռանը Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել: Լեհաստանում նրանց մեդալը մեզ հարկավոր չէր: Խնդիրը թիմային պայքարում լավագույն հնգյակ մտնելն էր եւ նրանք գրավեցին երրորդ տեղը: Մեզ համար առաջնայինը վարկանիշն էր, այլ ոչ թե մեկ-երկու մեդալը` առանց Չինաստանի ուղեգրի: Այ, արդեն պատանեկան օլիմպիական խաղերում մեր մասնակից ծանրորդները` երկու տղա եւ մեկ աղջիկ, կպայքարեն մեդալների համար», – ասաց Վահան Խեչանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ