Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, սկսելով «Բանդայի գործով» դատական նիստը, հայտնեց, որ դատարանը գլխավոր դատախազությունից ստացել է պաշտոնական գրություն այն մասին, որ մեղադրանքը պաշտպանող Սասուն Խաչատրյանը գտնվում է գործուղման մեջ՝ հանրապետությունից դուրս, իսկ Արսեն Բեգինյանը արձակուրդի մեջ է՝ առողջության հետ կապված: Վերջինը, ըստ էության, նոր ներգրավված դատախազ է: Դատական նիստը այդ դատախազների բացակայության պատճառով հետաձգվեց: Այն տեղի կունենա մայիսի 14-ին:
Ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանից Aravot.am-ը փորձեց ճշտել, թե արդյոք նա ստացե՞լ է դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու մասին եզրակացությունը: Պաշտպանն ասաց, որ դատարանը 10 օր առաջ ստացել է եզրակացությունը, այն տրամադրել է նաեւ իրեն, սակայն չի կարող հրապարակել մինչ դատական նիստը:
Aravot.am-ի հարցին, թե արդյոք ամբաստանյալի առողջական վիճակի հետ կապված նա այցելե՞լ է դատապարտյալների հիվանդանոց, պաշտպան Հովհաննիսյանն ասաց, որ հոր մահվանից հետո սրվել է իր պաշտպանյալի առողջական վիճակը: Ըստ բժիշկների՝ Ամոյանը գտնվում է էմոցիոնալ խանգարման, սթրեսային վիճակում, եւ իր մի քանի փորձերը՝ տեսակցել Ք. Ամոյանին, հաջողությամբ չեն պսակվել: Այսօր սեւ գլխաշորով, սեւ հագուստներով դատարան էին ներկայացել Ամոյանի մայրը, քույրը, հարազատները, որոնց ցավակցեցին նաեւ ամբաստանյալներն ու նրանց հարազատները: Հիշեցնենք, որ այս գործով 5 ամբաստանյալ մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններն ու առանձնատները մտնելու, այնտեղից առանձնապես խոշոր չափերի գումարներ եւ գույք հափշտակելու մեջ:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ