«Ես կոչ եմ անում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին սկսել իր ընկերներից՝ ազգայնացնել այն հարստությունը, որ իր ընկերներն են յուրացրել, և այսօր նախարարներ են դարձել»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը՝ վկայակոչելով Տարոն Մարգարյանի այն հայտարարությունը, թե պետք է սկսել մեր ընկերներից, այսպես արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա նշեց, որ չնայած նոր կառավարությունից սպասելիք չունի, բայց մանկավարժական փորձից ելնելով «նույնիսկ ամենաանհուսալի տղաներին, երբ ասում ես, թե դեւ գիտես, որ լավն ես, նա փոխվում է»: Անահիտ Բախշյանը այս «պրիյոմն» առաջարկեց օգտագործել այս կառավարությանը թասիբի գցելու համար:
Այնուհետեւ տիկին Բախշյանը օրինակ բերեց, թե ներկայիս նախարարներից ով ինչ ունեցվածք ունի՝ Կարեն Ճշմարիտյանը «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի հետ ուղիղ կապ ունի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ն սեփականաշնորհել է: Տիկին Բախշյանը օրինակ բերեց Գագիկ Խաչատրյանի «բեսպրեդելը» և նախարարությունում գումարների հավաքման փաստը այնուհետև ենթադրեց. «Ուրեմն Գագիկ Խաչատրյանը որքա՞ն կաշառք է տվել, որ գա նախարար, որ այդքան գումար է հավաքում»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը Անահիտ Բախշյանի տեսակետը համարեց հիմնազուրկ ու նշեց. «Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ամենավարկաբեկվածն ու խոցելին դարձել է քաղաքական գործիչը: Ցավում եմ, որ քաղաքական գործիչները դեռ չմտած քաղաքականություն, նրանց ասում են, թե լավ չեն աշխատի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ՀՀԿ-ն ռեսուրս չունե՞ր, որ հին կադրերին է բերում կառավարություն, պարոն Այվազյանը նշեց. «ՀՀԿ-ն շատ ռեսուրսներ ունի, հին դեմքերը մեկ անգամ ապացուցել են, թե իրենք ինչպես են աշխատում»:
Տիկին Բախշյանը հակադարձեց. «Երվանդ Զախարյանի ժամանակը հիշո՞ւմ եք, որ քաղաքապետ էր, երբ Երևանի տարբեր տարածքներ քանդեցին ու մարդկանց փողոց գցեցին»:
Վարդան Այվազյանը ի պատասխան նշեց. «Կառավարության առջև պետք է դնել աշխատելու խնդիր, ոչ թե իսկզբանե ասել, թե դուք ձախողված եք: Ինձ հույս է ներշնչում, որ այս կառավարությունը շատ ավելի շատ բան է անելու, քան նախորդը»:
Պարտադիր կուտակային համակարգի մասին Վարդան Այվազյանն ասաց. «Գաղափարը շատ լավն է: Մենք մտածում ենք երեք ճանապարհ, մինչև հունիսի 30-ը նոր օրենք պիտի բերվի: Մենք մտածում ենք եկամտային հարկը իջեցնել, դրա փոխարեն մարդուց գանձել 20 տոկոս, այդ հինգ տոկոսը թող մարդը դե ֆակտո չվճարի, կես կամ մեկ տոկոս դնենք գործատուի վրա, չորս տոկոսն էլ պետության հարկը վերցնի իր վրա, որ մարդն իր աշխատավարձի վրա չզգա: Բայց դա բեռ է գալիս պետության վրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ