Հայաստանում ծանրամարտը տեւական ընդմիջումից հետո վերստին սկսել է բարձր արդյունքներ գրանցել:
Լեհաստանի Չեխանով քաղաքում օրերս ավարտված Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունում Հայաստանի տղաների հավաքականը թիմային պայքարում գրավեց 2-րդ, իսկ աղջիկների ընտրանին` 3-րդ տեղը: Ո՞րն է վերելքի եւ հաջողության գրավականը:
Aravot.am-ը զրուցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի հետ: «Նոր բան շատ չի ավելացել: Ես միշտ ասել ու հիմա էլ կրկնում եմ, որ մեր ֆեդերացիայի դռները միշտ էլ բաց են բոլոր նրանց առջեւ, ովքեր ցանկանում են զբաղվել ծանրամարտով: Իսկ մարզական առումով մեր սկզբունքը հետեւյալն է. արժանավոր ծանրորդը պետք է մարզվի, մասնակցի մրցումների, պարգեւատրվի ու վայելի իր աշխատանքի պտուղները: Թերեւս, սա հասել է բոլորի գիտակցությանը եւ ուրախալի է, որ հատկապես պատանիների մեջ աճ կա: Նրանք սկսել են նորից մարզվել միշտ N1 մեկը ճանաչված եւ հայ մարդուն բնորոշ այս հենակետային մարզաձեւով: Ընդորում, սա ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանի պահանջն է թե ֆեդերացիայի աշխատակիցներից, թե մարզիչներից եւ թե մարզիկներից», – ասաց Վահան Խեչանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ծանրամարտ, Արմեն Շահազիզյան, Ֆեդերացիայի նախագահ, Վահան Խեչանյան, Բարձր արդյունքներ: