Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության փոխնախարար.«Ոչ մի երաշխիք չկա, որ կարկուտ ու երաշտ չի լինի» (Տեսանյութ) 

Մայիս 07,2014 14:28

Մարտի վերջին օրերին Արարատի եւ Արմավիրի մարզերում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունը շուրջ 11 միլիարդ 181 միլիոն դրամի վնաս է հասցրել Արարատի եւ Արմավիրի մարզի գյուղացիներին: Ինչի հետեւանքով, այս տարի, գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի կանխատեսումներով, ընդամենը ութ հազար տոննա ծիրանի բերք կունենանք անցյալ տարվա 89 հազար տոննայի փոխարեն: Վնասվել է 9 հազար 185 հեկտար տարածք, շուրջ 287 համայնքում էլ տուժել է 3700 գյուղացիական տնտեսություն:

Այսօր գյուղատնտեսության նախարարությունում Գառնիկ Պետրոսյանը վստահեցրեց, որ մինչեւ 3 հեկտար տարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին կառավարությունը կաջակցի` մատչելի գներով պարարտանյութեր եւ դիզելային վառելիք տրամադրելով, որպեսզի գյուղացին այդ վիճակից դուրս գա:

Գառնիկ Պետրոսյանի ներկայացմամբ, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ կրկին կարկուտ, երաշտ կամ ուժեղ քամիներ չեն լինի, հատկապես, որ մինչեւ հունիսի 15-ը համարվում է կարկտի ամենավտանգավոր ժամանակահատվածը:

Դիտարկմանը, թե Արմաշ գյուղի բնակիչները բողոքում են, որ օգնության կարգով գյուղացիներին հատկացվող բանջարեղենների սերմերը կարիքավոր գյուղացիներին չի հասնում եւ սովորաբար ծանոթ-բարեկամով է բաժանվում, պարոն Պետրոսյանն ասաց, որ այդ սերմերն, առաջին հերթին, նախատեսված են փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին աջակցության համար:

Այն հարցին էլ, թե վերամշակող գործարանները նույնպե՞ս վնասներ կկրեն բերքի բացակայության պատճառով, պարոն Պետրոսյանն ասաց, որ ծիրանի փոխարեն այլ մրգեր կպահածոյացնեն: Ըստ նրա՝ այս տարի փոխարենը դեղձի առատ բերք է սպասվում, եթե արտակարգ իրավիճակներ չպատահեն: Արարատյան դաշտավայրում ցրտահարվել է նաեւ սալորենին, կեռասենին, դեղձենին:

Գառնիկ Պետրոսյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե պետությունն ի՞նչ միջոցներ է փնտրում գյուղացիներին ազատելու տարերային աղետների հասցրած հետեւանքներից եւ գյուղատնտեսության ոլորտում հնարավո՞ր է ներդնել ապահովագրության մեխանիզմը: Փոխնախարարն ասաց, որ գյուղատնտեսության ապահովագրությունը թանկ հաճույք է: Ըստ նրա, յուրաքանչյուր հեկտարի հաշվով գյուղացին պետք է 200-250 հազար դրամ վճարի, եւ եթե նույնիսկ պետությունը 50 տոկոսով սուբսիդավորի, գյուղացին կարո՞ղ է 1 հեկտարի համար վճարել 100-120 հազար դրամ ապահովագրության համար:

Փոխնախարարի մեկնաբանություններն առավել մանրամասն`   տեսանյութում

 

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031