Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանը ստորագրելու է Միասնական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթուղթը: Այսօր «Հենարան» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց, որ այդ փաստաթուղթը դեռ նախապատրաստման փուլում է:
Հարցին, թե հնարավո՞ր է այդ փաստաթուղթն էլ ունենա ՄՄ-ին անդամակցելու փաստաթղթի ճակատագիրը, պարոն Զաքարյանը ոչինչ չբացառեց.«Քաղաքականության մեջ միշտ 100%-ի էֆեկտ չի կարելի ակնկալել, դա կախված է բազմաթիվ գործոններից, ոչ միայն Հայաստանից»:
Ըստ նրա, քանի դեռ պաշտպանված են Հայաստանի շահերը և ակնկալիքները, Հայաստանը շահագրգիռ կլինի լիարժեք անդամակցել այդ կազմակերպությանը.«Եթե առաջանա իրավիճակ, որը հակասի Հայաստանի շահերին, Հայաստանը կարող է նաև ընդունել այլ որոշում»:
Նա նաեւ ասաց, որ փաստաթղթի ստորագրման դեպքում Հայաստանը կլինի միության հիմնադիր անդամ, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով։
Դիտարկմանը, թե Բելառուսն ու Ղազախստանը չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, պարոն Զաքարյանը չհամաձայնեց, ապա ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նույն մոտեցմամբ է առաջ գնում` «և-և»-ի քաղաքականությունն է. «Մենք փորձելու ենք ԵՄ-ի հետ գտնել այն ընդունելի տարբերակը, որը հնարավորություն կտա Հայաստանին շարունակել իր հանձնառություններն ու համագործակցությունը ԵՄ-ի հետ»:
Կարդացեք նաև
Ասուլիսի վերջում էլ պատգամավորը նկատեց, որ նոր ինտեգրացիոն տարածքում գոյություն ունեցող կանոնները չպետք է հակասեն երրորդ երկրների հետ առևտրային հարաբերություններին.«Լինելու են այլ կանոններով, ոչ այնքան մատչելի, ինչ չափով որ միասնական տնտեսական տարածքի կանոններն են»:
Եվ վստահեցրեց` Հայաստանի փոխարեն միասնական տնտեսական գոտում քաղաքական որոշումներ չեն կայացվի, որովհետեւ Հայաստանն անդամակցում է տնտեսական, ոչ թե քաղաքական միությանը եւ իր անդամակցության հիմքում դնում է տնտեսական ու անվտանգության խնդիրներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ